Մոտ մեկ ամսից Քաշաթաղի շրջանում կսկսվի հացահատիկի բերքահավաքը: Արդեն տեղեկացրել ենք` անցած աշնանը շրջանի հարավային համայնքներում և պետական պահուստային ֆոնդի (ՊՊՖ) հողատարածքներում կատարվել է 17171հա աշնանացան՝ ցորեն ու գարի: Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչությունից տեղեկացրին, որ այս տարվա գարնանն արդեն ամբողջ տարածքում իրականացվել է 3152հա հերկ:
Ցանքսը մի քիչ ավելի է՝ 3284հա.. աշնանը ևս հերկ էր կատարվել: Գարնանացանի ընթացքում 18 համայնքների, որից նաև հյուսիսային (Հակ, Լեռնահովիտ, Աղավնո, Մոշաթաղ, Ներքին Սուս) և ՊՊՖ հողատարածքներում կատարվել է հաճարի 785հա (130հա՝ ՊՊՖ-ի) ցանքս: Ամենաշատը՝ 100հա, հարավային Ծաղկաբերդի, Ձորափի գյուղական և Որոտանի քաղաքային համայնքներում: 1744,5 հա գարի ցանել են 24 համայնքների և ՊՊՖ(680հա) հողատարածքներում: Ամենաշատը՝ 150հա, գարու գարնանացան կատարվել է Իշխանաձորի գյուղական համայնքի Թովմասարի սարահարթում: 100-ական հա ցանքս կատարել են Որոտանի, Կովսականի քաղաքային և Արծվաշենի գյուղական համայնքների հողատարածքներում (Որոտանի սարահարթ, Կովսականի սարահարթ և Թովմասարի սարահարթ):
Շրջանում հացահատիկի ցանքսը հիմնականում կատարվում է աշնանը՝ հարավային թևի համայնքներում: Հյուսիսային համայնքներից հացահատիկ՝ հիմնականում հաճար և գարի, ցանում են հյուսիսային թևի Հակ, Լեռնահովիտ, Մոշաթաղ համայնքներում, սակայն՝ միայն գարնանը: Այս տարի նշված 3 համայնքներում իրականացվել է ընդհանուր 260հա հերկ, ցանվել է հաճար՝ 88հա, գարի՝ 23հա: Բացի հացահատիկից նշված համայնքներում կատարվել է նաև կորնգանի ցանքս՝ 45հա մաքուր, և 66հա ենթացանքս: Բացի այդ՝ Հակի ցանքատարածքներում կատարվել է 40հա, իսկ Մոշաթաղում՝ 35հա կտավատի գարնանացան: Շրջանում ամեն տարի կատարվում է նաև եգիպտացորենի գարնանացան:
Մայիսի 10-ի դրությամբ եգիպտացորեն են ցանել 11 համայնքներում, ընդհանուր՝ 182,7հա: Ամենաշատը՝ 40հա՝ Երիցվանքի գյուղական համայնքում, երկրորդը 34հա-ով Հակարի գետի աջ ափին գտնվող Փակահանն է, երրորդը՝ Ողջիի ափամերձ Ալաշկերտը՝ 30հա: Միայն Գետափի գյուղական համայնքում ցանել են 4հա հնդկացորեն: Իսկ արևածաղկի գարնանացան կատարել են Երիցվանքում՝ 5հա: Շրջանում ընդհանուր կատարվել է մոտ 30հա կարտոֆիլի ցանքս՝ հարավային և հյուսիսային թևերում:
Այս օրերին առավել աշխատանք է իրականացվում բանջարաբոստանային մշակաբույսերի և բոստան-պարենի ցանքսի համար: Ըստ գյուղվարչության տեղեկանքի՝ կատարվել է մոտ 12հա հատիկաընդեղենի, 107հա բոստան-պարենային և 44հա բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս: Անասնակերի կուտակման նպատակով բացի կորնգանից, ցանվել է նաև մոտ 128հա առվույտ, որից 115հա-ը՝ մաքուր ցանքս: Ընթացքում իրականացվել է նաև պայքար մոլախոտերի դեմ՝ 200հա, պայքար մկնանման կրծողների դեմ՝ 17171հա (աշնանացանի ողջ տարածքում), պայքար այլ վնասատուների դեմ՝ մոտ 3000հա և սնուցում՝ 2000հա: Այս օրերին ցանքսը շարունակվում է ողջ շրջանում, և իրականացվում են նաև հակահրդեհային աշխատանքներ:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ