Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները պատրաստվում են ստորագրել եռակողմ համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»՝ վկայակոչելով Վրաստանի ՊՆ մամուլի հաղորդագրությունը:
Նշվում է, որ այդ հարցը քննարկվել է Ստամբուլում անցկացվող IDEF պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի և Թուրքիայի նրա գործընկեր Ֆիքրի Ըշիքի հանդիպմանը:
Ըստ հաղորդագրության՝ Իզորիան հանդիպումից հետո հայտարարել է, որ 10 օրից Բաթումում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: «Մենք կքննարկենք եռակողմ համագործակցության ձևաչափը: Կստորագրվի հուշագիր՝ ուղղված մեր ռազմական համագործակցության որակի բարձրացմանը»,- ասել է նախարարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ