Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի եւս Լոռու մարզում կխոշորացվեն մի շարք համայնքներ

Մայիս 11,2017 17:45
hamaynq

2016 թվականին Լոռիում, Սյունիքում եւ Տավուշում անցկացվեց համայնքների խոշորացմանն ուղղված տեղական ինքնակառավարման մարմինների հանրաքվե: ՀՀ կառավարությունն այս տարի եւս նախատեսում է շարունակել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը: Խոշորացվող համայնքներ ունեցող մարզերի մեջ մտնում է նաեւ Լոռու մարզը:

«Ընդամենը 10 օրից մենք տարածքային կառավարման նախարարի հետ համատեղ կշրջենք մեր համայնքներում, կփորձենք ժողովրդին ներկայացնել, թե փոփոխություններն իրենցից ինչ են ներկայացնում: Ըստ այդմ` անպայման կգնանք համայնքների խոշորացման»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Նախատեսվում է համայնքների խոշորացում իրականացնել Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջաններում: Սակայն դեռեւս հստակ չէ, թե որ համայնքներն են միավորվելու:

Նախորդ տարի եւս Թումանյանի տարածաշրջանում տեղի ունեցավ համայնքների խոշորացում: Որից հետո Թումանյան քաղաքին միացան թվով 7 գյուղական համայնքներ: Մարզի ղեկավարը թեեւ դրական է գնահատում անցած տարվա փորձը, սակայն ասում է, որ տեմպերն իրենց չի գոհացնում. «Հաշվի առնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի քանի պատճառներ, այդ տեմպերը մեզ չեն գոհացնում: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր լավ գործի սկիզբ դժվար է լինում: Համայնքների խոշորացման սկիզբն էլ մի փոքր դժվար կլինի, բայց հետո ամեն ինչ կընկնի իր հունի մեջ»:

Այս պահին մարզի համայնքների խոշորացման նախագիծը գտնվում է քննարկման փուլում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031