Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից այսօր դատական սանկցիայի արժանացած փաստաբան Վլադիմիր Գրիգորյանը պնդում է, որ դատարան չէր ներկայացել պատշաճ չծանուցված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գրիգորյանը կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպաններից մեկն է, որի նկատմամբ դատարանն այսօր դատական սանկցիա կիրառեց՝ առանց պատճառաբանության արդեն որերորդ անգամ դատարան չներկայանալու համար: Հիշեցնենք նաեւ, որ պաշտպաններից ոչ մեկը դատարան չէր եկել:
«Այսօրվա դատական նիստի համար ծանուցագիր չեմ էլ ստացել, սպասում եմ, որ ծանուցագիր ստանամ: Նախորդ նիստին չկարողացա գալ, որովհետեւ թոռներիս հիվանդանոց էին տարել, խնդիրներ կային: Այսօր հինգշաբթի չի՞, ես գիտեի՝ ուրբաթ օրն է լինելու նիստը, դատարանը որոշեց ամեն ուրբաթ նիստ անել»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:
Մեր հարցին՝ տեղյա՞կ եք՝ մյուս փաստաբաններն ինչու չեն ներկայացել դատարան, ասաց՝ ոչ. «Եթե դատարանը կհիմնավորի, որ ես պատշաճ ծանուցում եմ ստացել այսօրվա համար, լավ է արել, որ սանկցիա է կիրառել, բայց ես տեղյակ չեմ, որ այսօր դատական նիստ կա: Շատ զարմացած եմ, դատավոր եմ եղել, այսպիսի բան ոչ մեկի նկատմամբ չեմ արել: Պարզել եմ՝ ինչն ինչոց է, միգուցե իրականում մի խնդիր կա, բայց եթե չես ծանուցում պաշտպանին, դե թող ինքը վաղը հրապարակավ ցույց տա իմ ստորագրությունը, որ ես պատշաճ ծանուցված եմ եղել ու չեմ ներկայացել»,- ասաց փաստաբան Գրիգորյանը՝ հերքելով, թե պաշտպանները բոյկոտում են դատաքննությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ