Իջեւան քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Վազգեն Օհանյանը 2012թ. Իջեւանում 70-ամյա կնոջ բռնաբարության փորձի համար դատապարտվել է 2 տարի, 8 ամիս ժամկետով ազատազրկման:
Դրանից հետո Վ. Օհանյանը դիտավորյալ հանցագործության համար 2015թ. դեկտեմբերի 2-ին պայմանականորեն դատապարտվել է 2 տարի ազատազրկման եւ սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Նա 2016թ. հոկտեմբերի 7-ին Իջեւան քաղաքում փայտ վաճառելու պատրվակով մտել է 69 տարեկան կնոջ տուն, ծեծել կնոջը, նրա կոկորդը բռնելով՝ սպանության սպառնալիքներ տվել, պահանջել իրեն տալ գումար եւ հեռախոս: Դրանից հետո ստուգել է կնոջ գրպանները եւ բաճկոնի գրպանից գտնելով ընդամենը 260 դրամ, փախուստի է դիմել: Ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել եւ ձերբակալել են նրան:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում Վ. Օհանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, դատաքննության եւ նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում տուժողի հետ առերես հարցաքննվելիս հայտնել է, որ միայն մեկ անգամ է հարվածել նրան:
Տարեց կինը դատարանում ցուցմունք է տվել, որ Վ. Օհանյանը իրենից գումար է պահանջել, նա 5 անգամ հարվածել է իր դեմքին, 2 անգամ՝ պարանոցին: Կինն ասել է, որ նրա գործողություններից վախեցել է, քանի որ Վազգենը հարբած է եղել: Տուժողը դատարանում հայտնել է, որ Վ. Օհանյանի դեմ բողոք կամ պահանջ չունի եւ դատարանին միջնորդել է նրան հնարավորինս մեղմ վերաբերվել:
Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ արձանագրված է, որ Վ. Օհանյանը որեւէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, այլ հանդիսանում է «Թեթեւ դեբիլության աստիճանի սակավամիտ անձնավորություն», սակայն այդ սակավամտությունը նրա մոտ մեծ չափով արտահայտված չէ եւ չի ուղեկցվում ակտիվ հոգեբանական ախտանիշներով, կոպիտ վարքային խանգարումներով, նա մեղսունակ է:
Դատարանը Վ. Օհանյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել նրա խնամքի տակ մինչեւ 14 տարեկան երեխայի առկայությունը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ապրիլի 11-ին վճռել է Վ. Օհանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ նրան դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման:
Դատավորը վճռել է վերացնել նախորդ դատավճռով պատիժը պայմանականորեն չկիրառելը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածի կիրառմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը եւ Վ. Օհանյանին վերջնականապես դատապարտել 3 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ