Այսօր պետական եկամուտների կոմիտեում` ՊԵԿ-ում կազմակերպված ասուլիսում ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանին, հիշեցնելով Սամվել Ալեքսանյանի հսկայական առանձնատան համար վճարած գույքահարկի չափը` 38 հազար դրամ, լրագրողը հետաքրքրվեց, թե պարոն Հարությունյա՞նը որքան է վճարում գույքահարկ: Հարցրին նաեւ, թե նրա մեծահարուստ հարեւանների` տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ մյուսների վճարած գույքահարկից տեղյա՞կ է, թե` ոչ:
Վարդան Հարությունյանն ասաց, որ չի հիշում, թե որքան գույքահարկ են վճարում, կճշտի` կասի, իսկ հարեւաններից տեղյակ չէ:
ՊԵԿ ղեկավարը անդրադարձավ նաեւ նախորդ շաբաթ կառավարության առաջ բողոքի ցույց անող առեւտրականների հարցին:
Հարցին, թե ինչպիսի՞ համաձայնության են եկել առեւտրականների հետ, պարոն Հարությունյանը պատասխանեց, որ ոչ մի համաձայնություն էլ չի եղել եւ նրանք պարտադիր պիտի հարկերը վճարեն: Այն հարցին, թե կգնա՞ն ընդառաջ, պարոն Հարությունյանն ասաց, որ ոչ մի զիջում չի լինելու:
Պարոն Հարությունյանի խոսքերով, առեւտրականներն ընդհանարապես չեն ուզում հարկեր վճարել, իսկ ստվերային շրջանառությունը միայն այդ ճանապարհով է հնարավոր բացահայտել:
Aravot.am-ի այն հարցին, թե տոնավաճառների սեփականատերերը կտրոններ տրամադրում են, սակայն առեւտրականներից տաղավարի համար գանձում են ասենք` 800 հազար դրամ, բայց կտրոնի վրա ֆիքսում են 500 հազար, ինչպե՞ս եք բացահայտելու այդ ստվերը, պարոն Հարությունյանն ասաց, որ առեւտրականներն իրենք պետք է տոնավաճառի սեփականատիրոջից պահանջեն կտրոն տալ այն գումարի չափով` որքան վճարում են անում:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ