Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան քաղաքականության երիտասարդացման միտումները

Մայիս 11,2017 16:19

Դավիթ Ստեփանյան

Արմինֆո-ի քաղաքական մեկնաբան

ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ

 Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները հայ հասարակության մտածող հատվածի մոտ, ընդհանուր առմամբ, խոր հիասթափության զգացում առաջացրեցին: Ի դեպ, նման հիասթափությունն ուղեկցվել է Հայաստանում համապետական բոլոր ​​ընտրական գործընթացներից հետո` շատերի համար հիշարժան 1995թ.-ից սկսած, երբ երրորդ հանրապետության ժամանակ առաջին անգամ տեղի ունեցավ քաղաքացիների կամարտահայտության արդյունքների կեղծում: Եվ հանուն արդարության պետք է նշել այն եռանդը և հնարամտությունը, որոնցով Լևոն Տեր-Պետրոսյանի իրավահաջորդները կեղծման բնագավառում հաջողացրեցին հետագա բոլոր ընտրությունները: Կեղծման մեխանիզմների հեղինակները շարժվում էին ժամանակին համահունչ՝ անընդհատ նորանոր ուղիներ հորինելով, ըստ էության, 1991թ.-ից Հայաստանում անփոփոխ վարչակարգը հաջողությամբ իշխանությանը մոտ պահելու համար: Սակայն, այդ ամենով հանդերձ, անհրաժեշտ է ընդգծել դեռևս բավականին թույլ ուրվագծվող, նոր, բայց հույսեր ներշնչող միտումները:

 

ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որքան էլ տարօրինակ ու առաջին հայացքից պարադոքսալ չհնչի, սակայն Հայաստանում 2017թ. ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքը դարձավ, ըստ էության, միակ, սակայն բավականին ծանրակշիռ տարբերությունը նախորդ բոլոր ընտրությունների համեմատությամբ. խիստ պայմանական, հարաբերականորեն, այնուամենայնիվ, չկեղծված: 1.574.947 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 60.86%-ն իրոք քվեարկել է Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրություններին: Ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների` քվեարկողներն իրական, կենդանի մարդիկ էին: Նրանց, սովորության համաձայն, չեն նկարել, չեն հորինել և նույնիսկ չեն կենդանացրել`հետ բերելով այն աշխարհից: Այդ մարդիկ եկել են ընտրական տեղամասեր և իրենց ձեռքով քվեատուփի մեջ նետել քվեաթերթիկներ` գործնականում ստեղծելով գրեթե 100%-ով՝ Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի ենթակայության ներքո խորհրդարան: Դա արվել է հայ ընտրողների պահանջներն ու պատերնալիստական հակումները ճիշտ հաշվարկելու և դրանց վրա կատարված խաղադրույքի արդյունքում. մարդկային այն զանգվածների, ովքեր այդպես էլ չկարողացան ձեռք բերել անկախ երկրի ազատ քաղաքացու հատկանիշներ:

Ապրիլի 2-ին վարկանիշային-տարածքային ցուցակներում իր տեղը գտած հայ օլիգարխիան ձայների ճնշող մեծամասնությունը զավեշտալիորեն ձեռք բերեց Հայաստանի հանրապետական կուսակցության, «Ծառուկյան» դաշինքի, իսկ որոշ տեղերում նաև՝ ՀՅԴ-ի համար՝ մի ողջ երկրի բնակչության ապագան գնելով ընդամենը 10 հազար դրամով: Այդ խայտառակ գործարքի հիմնական ապացույցը մեզ համար արդեն սովորական դարձած ընտրություններում պարտված ուժերի կողմից հետընտրական բողոքի ցույցերի ամբողջական բացակայությունն էր, քանի որ նրանք նույնպես գիտակցում էին 10 հազար դրամ արժողությամբ իշխանությունների ամենակարողությունը:

Նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերը, ընդհանուր առմամբ, իշխանությունների «հաղթանակը» բավականին արդարացիորեն հիմնավորում էին լցոնումներով, կեղծիքներով և խարդախությունների այլ տեսակներով, ինչի համար նորմալ հասարակությունում ընդունված է բանտ նստեցնել:

Իշխանությունը միանգամայն խելամտորեն համապատասխան եզրակացություններ արեց և բնակչության այդ հատվածին առաջարկեց ձայների առք ու վաճառքի գործարքի մեջ մտնել: Արդյունքում գրեթե բոլորը գոհ մնացին: Օլիգարխիան ստացավ իշխանության կերակրատաշտին մոտ լինելու հերթական երաշխավորված հնգամյակ, իսկ բնակչության որոշակի հատվածը` տարվա մեջ գոնե մեկ անգամ կուշտ հաց ուտելու հնարավորություն: Սակայն հիմնականում Facebook սոցիալական ցանցում ի հայտ եկան նաև դժգոհ քաղաքացիներ, ովքեր քվեարկել են խորհրդարան չանցած քաղաքական ուժերի օգտին, ընդ որում՝ քվեարկելով անվճար: Սակայն այդ դժգոհ ձայները Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների գոհացված ձայների բազմության մեջ շատ արագ խեղդվեցին: Բնակչության ճնշող մեծամասնության լռությունը, ովքեր իրենց վաճառվածության պատճառով զրկվեցին ձայնի իրավունքից և ձայնից, առնվազն առաջիկա 5 տարիներին գործնականում ոչ մեկին չի հետաքրքրի:

ՄԻ ԳԴԱԼ ԿՈՒՊՐ ՄԵՂՐԻ ՏԱԿԱՌՈՒՄ

Սակայն այս ամբողջ բարգավաճա-հանրապետական մեղրի տակառում հայտնվեց նաև փոքր կուպրի գդալ` VI-րդ գումարման խորհրդարան մտած «Ելք» դաշինքի տեսքով: Հստակեցնենք` տխուր հանրապետական իրողությունների լույսի ներքո միամիտ է թվում հույս դնել եթե ոչ ամբողջ դաշինքի, ապա գոնե դրա մի մասի` երիտասարդական հատվածի վրա: Հենց «Ելք»-ի երիտասարդ, նորաթուխ պատգամավորներ` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Գևորգ Գորգիսյանը և Մանե Թանդիլյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը թույլ են տալիս Հայաստանի առավել լավ քաղաքական ապագայի ուղղությամբ միտումների ձևավորման հույսեր տածել: Գոնե ինչ-որ հույսեր:

Ընդհանուր առմամբ, ապրիլյան խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից, քաղաքացիական շարժումներից պատգամավորության թեկնածուներ էին առաջադրվել մոտ մեկ տասնյակ մասնակիցներ: Հայտնի պատճառներով ընտրություններին մասնակցող այլ կուսակցությունների շարքերում չկային քաղաքացիական ակտիվիստներ: Արդեն նախկին քաղաքացիական ակտիվիստ, Ազգային ժողովի VI-րդ գումարման պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր և ընկերների մուտքը քաղաքականություն բացատրում է հետևանքների դեմ մշտական պայքարի վերջնականապես անհնարին լինելու գիտակցմամբ:

«Քաղաքացիական շարժումների ձևաչափով մեր պայքարի շարունակությունը կարող էր իմաստ ունենալ, եթե քաղաքական ուժերի մոտ ժողովրդի ձայնը լսելու, նրա որոշումները և ակնկալիքներն իշխանություններին հասցնելու ցանկություն լիներ: Ցավոք սրտի, մենք համոզվեցինք հակառակում: Որից հետո որոշեցինք քաղաքականություն մտնել ինքնուրույն, ընդ որում, այդ որոշումը մեր կողմից ընդունվել է առանձին-առանձին», – ասում է երիտասարդ խորհրդարանականը[i]:

Այս դեպքում, անհրաժեշտ է ավելացնել, որ ընդհանուր առմամբ քաղաքական ուժերի և, մասնավորապես, իշխանությունների՝ ժողովրդի ձայնը չլսելու ցանկությունը հստակ և շատ պարզունակ հիմնավորում ուներ: Իշխանությունների կողմից հասարակության հանդեպ իրականացված անարդարությունների դեմ պայքարող քաղաքացիական շարժումների ակտիվիստների թիվը բավականին հեռու էր նրանից, ինչը հատկապես Մերձավոր Արևելքում ծավալված «Արաբական գարնանից» հետո կոչվեց կրիտիկական զանգված: Մինչդեռ վերջին տարիներին Երևանի փողոցներ դուրս եկող ակտիվիստների թիվը տատանվում էր մի քանի տասնյակից մինչև մի քանի հազարի միջև: Քաղաքացիական ակտիվիստների սակավության կարևոր պատճառներից մեկը բողոքի տարբեր շարժումներում խարիզմատիկ առաջնորդների, գաղափարների և ծրագրերի բացակայությունն է: Որպես կանոն, բոլոր շարժումներն հետապնդել են խիստ նեղ նպատակ, օրինակ, երթուղային տրանսպորտի համար 150 դրամ վճարելուց հրաժարվելը, այսինքն հետևանքների դեմ պայքարը: Պատճառների դեմ պայքարի կոչերը, որոնք հասնում էին ոչ լեգիտիմ իշխանության հեռացմանը, տհաճ էին թվում, ուստի իրականացման հնարավորություններ գրեթե չունեին:

Քաղաքացիական շարժումների սակավության մեկ այլ պատճառ էլ ընտանիքը կերակրելու միջոցների որոնման ուղիներ փնտրելու բնակչության զբաղվածությունն է: Դա հատկապես ցայտուն դրսևորվեց Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ակցիաների ընթացքում: Ցերեկային ժամերին աղբամաններից պատրաստված բարիկադների վրա հավաքվում էին մի քանի տասնյակից ոչ ավելի ակտիվիստներ, մինչդեռ գիշերային ժամերին պողոտան եռում էր: Ընդ որում, այստեղ բողոքի դուրս եկած քաղաքացիների ճշգրիտ թիվը գրեթե անհնար էր պարզել՝ հաշվի առնելով նրանց շարքերում ընդգրկված քաղաքացիական հագուստով ոստիկաններին:

Ի դեպ, հայ իրավապահ մարմիններն անձնակազմի թվաքանակի հետ կապված խնդիրներ չեն ունեցել և չունեն. մեկ շնչին ընկնող ոստիկանների թվով Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Ոստիկանությունում ծառայել ցանկացող քաղաքացիների նման թիվը բացատրվում է ամենևին ոչ այդ մասնագիտության հեղինակությամբ: Գերատեսչության պահակապարեկային բաժանմունքում հիմնականում աշխատանքի են անցնում այլ աշխատանք չունեցող, բայց հողի վրա քրտինքը երեսին աշխատել չցանկացող գյուղացի երիտասարդ տղաներ: Ուստի հաճախ համազգեստով և առանց դրա ոստիկանների թիվն անհամեմատ ավելի մեծ է լինում, քան հենց ցուցարարներինը:

 ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ

Անկասկած կան նաև այլ գործոններ, որոնք էապես թուլացնում են քաղաքացիական անհնազանդության բողոքի գործողությունները և թույլ չեն տալիս դրանց հասնել ընդհուպ կրիտիկական զանգվածի: Դրանցից ամենանշանակալին Հայաստանի քաղաքացիների՝ միասնական թիմով ինչ-որ իրավունքների համար պայքարելու ցանկության բացակայությունն է՝ սնվելու համար, գործազրկության, դատական, ոստիկանական կամայականությունների դեմ նրանց մշտական, ընդ որում՝ բոլորովին միայնակ, պայքարի խորապատկերին: Արդյունքում, սեփական հայրենիքի նկատմամբ անտարբերությունը և պոտենցիալ արտագաղթողի հոգեբանությունը հայ հասարակությունում շատ վառ են արտահայտված: «Երկիրը երկիր չի» և Հայաստանում հյուրընկալված նախկին հայրենակիցների՝ «դուք ընդհանրապես ինչպե՞ս եք այստեղ ապրում» ոգով խոսակցությունները, որոնք թեժացվում են հռետորական հարցերով, հասարակության մեծ մասին հասցնում են դեպրեսիվ վիճակի, իրենց սեփական հայրենիքի հետ կապվելու և նույնականացվելու ցանկության բացակայության և, համապատասխանաբար, անտարբերության: Նման իրավիճակում քաղաքացիական անհնազանդության ոչ մեծաթիվ գործողություններից լուրջ արդյունքներ սպասել չարժե՝ անկախ մամուլի աջակցության և նույնիսկ ֆինանսավորման աղբյուրների աստիճանից:

ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Անկասկած, հենց այդ անտարբերությունը վերջին տարիներին հմտորեն կառավարել են հանրապետական իշխանությունները՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով՝ իրականացնելով «անտարբերության մենեջմենթ» [ii]: Սակայն քաղաքագետի գնահատականներով՝ այդ ամենով հանդերձ, «ամենավերևներում» փոփոխությունները կատարվում են մշտապես, համակարգը դինամիկ է, իսկ էլիտայում կատարվում է տարբեր վերադասավորումներ ստեղծելու գործընթաց: Հենվելով այն տեսության վրա, ըստ որի՝ մարդիկ քաղաքականության մեջ մեծամասամբ պատճառներ չեն, այլ զարգացման արդյունքներ, այն չի նախատեսում, որ Հայաստանում մոտ ապագայում իշխանության կգան աճեցված օսվալդ շպենգլերներ, ջորջվաշինգտոններ և մայրթերեզաներ:

Քաղաքագետը քաղաքական մշակույթի ձևավորումն արդարացիորեն անհրաժեշտ նախապայման է համարում: Դրա ձևավորման գործընթացը շարունակական է, ինչի վկայությունը Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից Հայաստանի կառավարման համակարգի և հենց Հայաստանի բովանդակության փոփոխությունն է: Եվ այստեղ ճիշտ ժամանակն է հիշելու «փողոցից» չորս երիտասարդների խորհրդարան գալը: Սա՞ չէ ճահճացած Հայաստանի քաղաքական դաշտի երիտասարդացման միտումը:

Ի դեպ, քաղաքական դաշտի երիտասարդացման անհրաժեշտությունը գիտակցում են նաև Հայաստանի իշխող համակարգի ճարտարապետները, ճիշտ է՝ ոչ թե գիտակից, ակտիվ, այլ ներկայիս կառավարող վերնախավի կողմից աճեցված և սնուցված «համակարգային երիտասարդությամբ»: Նման տեսակի երիտասարդության թվին համարձակորեն կարելի է դասել երկրում իշխող վարչակարգի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի «երիտասարդական թևերի» ներկայացուցիչներին:

Հենց այդ պատճառով իշխող Հանրապետական ​​կուսակցության համամասնական ցուցակը, հատկապես առաջին տասնյակն ընտրություններից առաջ մաքրվեց և երիտասարդացվեց: Բնականաբար, ընտրություններին ո՛չ երիտասարդացված առաջին տասնյակը, ո՛չ էլ ցուցակը ոչ մի հատուկ խնդիր չի լուծել: Հանրապետականի ​​ձայները հիմնականում ստացվել են վարկանիշային-տարածքային թեկնածուների միջոցով` գնման, ահաբեկման ու ընտրողների հայրենասիրական ​​զգացմունքների վրա խաղալու արդյունքում: Սակայն հենց այն փաստը, որ Հանրապետական կուսակցության ​​ղեկավարությունը գիտակցել է ցուցակը տհաճ-հնացած անուններից մաքրելու և այն համեմատաբար երիտասարդ ու ազնիվ դեմքերով և անուններով համալրելու անհրաժեշտությունը, խոսում է կուսակցական կազմի և իշխող կուսակցության կամ կուսակցությունների երիտասարդացման (ում ինչպես հարմար է) միտումների առկայության մասին:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Անմիջապես վերադառնալով երրորդ հանրապետության նորագույն պատմության մեջ քաղաքացիական շարժումների թեմային` հնարավոր է դրանց առաջացման սկզբնաղբյուր մատնանշել Հայաստանում իշխանափոխության իրական մեխանիզմների լիակատար բացակայությունը, և դա՝ չնայած համակարգի ակնհայտ տեսանելի ժողովրդավարական արտաքինին:

Մեծ հաշվով մեկ քաղաքական ուժի՝ որպես իշխանության լճացած վիճակը, ճահճացումը գրեթե անխուսափելիորեն հանգեցրել է իրականությունից կտրված վիճակի, սեփական բնակչության, և որ ամենակարևորն է, նրա առավել ակտիվ հատվածի հետ հետադարձ կապի ամբողջական խզման: Եվ այդ ամբողջ կուտակված խնդիրները հանրապետության մասշտաբով ուղեկցվել են նոր սոցիալ-տնտեսական ճգնաժամ առաջացնող անարդյունավետ կառավարմամբ: Հասարակության հետ հետադարձ կապի բացակայությունն իրականությունից կտրված լինելու պատճառով ինքնաբերաբար խթանել է քաղաքացիական հասարակության փողոցային ցույցերը:

Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվացման և ինքնակազմակերպման փորձերի մեկ այլ խթան դարձավ այդ գործառույթներն իրենց վրա վերցնելու՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի անկարողությունը կամ ցանկության բացակայությունը: Քաղաքական ուժերն ու գործիչները մարդկանց բողոքի ցույցերի էին տանում գրեթե միայն մեկ պատճառով՝ հերթական համապետական ​​ընտրությունների արդյունքներն իշխող վարչակազմի կողմից հերթական անգամ կեղծելու դեպքում: Այդ ուժերի և գործիչների պասիվությունը, օրինակ, բնական գազի կամ էլեկտրաէներգիայի հերթական թանկացման հարցում քաղաքացիներին մենակ էր թողնում սեփական խնդիրների և մահակներով իրավապահների բանակի առջև:

Տասնամյակներ տևած նման իրավիճակը միանգամայն տրամաբանորեն հանգեցրեց հասարակութան կողմից ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ուժերի նկատմամբ լիակատար անվստահությանը: Դրանից հետո նրա առավել առաջադեմ մտածող հատվածն անցավ բավականին տարերային, բայց, այնուամենայնիվ, ինքնակազմակերպման՝ իրականությունից կտրված իշխանության վրա ազդեցության այլ ձևերի լիակատար բացակայության պատճառով:

Ընդ որում, հիմնվելով միջազգային փորձի վրա՝ պետք է նշել, որ քաղաքացիական անհնազանդության գործողություններով հնարավոր է բավականին լուրջ խնդիրներ լուծել, ընդհուպ մինչև իշխանափոխություն: Սակայն դա միայն այն դեպքում, երբ առկա են հստակ կազմակերպվածություն, առաջնորդություն, համախմբվածություն և ամենակարևորը՝ հստակ սահմանված և հրապարակայնորեն հռչակված նպատակներ: Այս ամենը հայ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների պրակտիկայում չէր նկատվում, իսկ շարժումները, ընդհանուր առմամբ, տարերային բնույթ էին կրում: Եվ, այնուամենայնիվ, հաջողվեց հասնել որոշակի արդյունքների՝ երիտասարդների կողմից բարձրացված որոշակի պահանջների մասնակի կատարման: Եվ հենց այստեղ ճիշտ ժամանակն է համառոտ ներկայացնելու վերջին 5 տարիներին ամենանշանակալից շարժումների երիտասարդ ակտիվիստների առավել շոշափելի ձեռքբերումների ժամանակագրությունը:

ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿ ԿԱՄ «ՏԱՐՈՆ ՋԱՆ ՍԻՐՈՒՆ ՉԻ»

Մայրաքաղաքի Մաշտոցի պողոտային հարակից փոքր այգու համար երիտասարդության մի քանի ամիսների պայքարի արդյունքը, ըստ էության, արտացոլում է մեր հետազոտության հենց այս մասի ենթավերնագիրը: 2012թ. հունվարին Երևանի իշխանությունները որոշեցին հերթական կառուցապատմանը հանձնել այս փոքրիկ կանաչ տարածքը: Ծառուղիների տեղում նախատեսվում էր կառուցել հերթական կրպակները: Իհարկե, հայկական լավագույն ավանդույթների համաձայն՝ շինարարությունը նախատեսում էր ծառերի ոչնչացում, որոնց թիվը Երևանում համեմատաբար քիչ էր հատկապես մութ ու ցուրտ 90-ական թվականներից հետո:

Առաջին փայտամածների և շինարարական տեխնիկայի տեղադրումից անմիջապես հետո բնապահպան-ակտիվիստների ոչ մեծ խումբը շրջապատեց այգու տարածքը` շինարարներին հնարավորություն չտալով ոչնչացնելու կանաչ գոտին: Ոստիկանությունը դուրս հանեց ակտիվիստներին, սակայն հաջորդ օրն ավելի մեծ թվով մարդիկ եկան այգի: Այդ ցուրտ եղանակին, չնայած ոստիկանների հետ բախումներին և պարբերաբար բերման ենթարկելուն, ակտիվիստները հերթապահում էին զբոսապուրակի տարածքում` պաշտպանելով այն քաղաքային իշխանություններից: Եվ չնայած իր սակավությանը, ոստիկանության հետ դիմակայության ամենադաժան պահերին այգում կար մի քանի հարյուր մարդ: Երիտասարդությանը հաջողվեց պահպանել կանաչ գոտին:

Իհարկե, ակտիվիստների հաջողության առյուծի բաժինը բացատրվում էր խորհրդարանական ընտրություններով, որոնք պետք է տեղի ունենային 2012թ. մայիսին: Ընտրություններից մի քանի օր առաջ այգի եկավ նախագահ Սերժ Սարգսյանը, ով տեղակայված տեսախցիկների առջև ավելորդ եռանդի համար կշտամբեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որից հետո հանձնարարեց զբոսայգու կառուցապատման նախագիծը փոխել: Սարգսյանի` «Տարոն ջան սիրուն չի արտահայտությունը» դարձավ հայ ակտիվիստների սիրած մեմը և ժողովրդի շրջանում մինչ այժմ կիրառվում է: Միևնույն ժամանակ, այդ հաջողությունը սահմանափակ ազդեցություն ունեցավ, քանի որ պաշտպանելով Մաշտոցի պուրակը՝ Երևանի իշխանությունների գիշատիչ քաղաքաշինական քաղաքականության մեջ արմատական​​փոփոխությունների հասնելը երիտասարդության մոտ ձախողվեց:

 «ՉԵՄ ՎՃԱՐԵԼՈՒ 150 ԴՐԱՄ»

Երիտասարդների հետ պայքարում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ այլ պարտություն կրեց 2013թ.: Հուլիսի 20-ին քաղաքապետարանը որոշեց Երևանի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 100-ից 150 դրամ դարձնել: Սա մայրաքաղաքում դժգոհության ալիք առաջացրեց, քանի որ քաղաքի բնակիչները հասարակական տրանսպորտի որակի մասին լավ կարծիք չունեին նախքան գների բարձրացումը:

Մեկ շաբաթ Երևանում բողոքի ակցիաներ տեղի ունեցան «Չենք վճարելու 150 դրամ» կարգախոսի ներքո: Երիտասարդ ակտիվիստների խմբերը կանգառներում 150 դրամ չվճարելու կոչերով թռուցիկներ էին տարածում, ինչի հետևանքով բնակիչների մեծ մասը շարունակում էր ուղեվարձը վճարել 100 դրամի չափով: Բողոքի ակցիաներին միացան մարդատար ավտոմեքենաների սեփականատերերը, որոնք կանգառներից մարդկանց վերցնում և անվճար տեղափոխում էին, որպեսզի նրանք հասարակական տրանսպորտ չնստեն և 150 դրամ չվճարեն: Ճանապարհային ոստիկանությունը փորձում էր նրանց տուգանել «չնախատեսված վայրում կանգառի» համար, բայց դա ազդեցություն չունեցավ: Դրանից հետո կանգառներում ոստիկաններին փոխարինեցին, այսպես կոչված, «գծատերերի» արբանյակները (տերմինը Հայաստանից դուրս անհայտ է), որոնք ակտիվիստների հետ վիճաբանության մեջ էին մտնում և նույնիսկ ծեծի բռնվում: Սակայն փորձված մեթոդը նույնիսկ այդ անգամ չաշխատեց, քանի որ ցուցարարները, հանդես գալով Երևանում հասարակական տրանսպորտի համակարգի կառավարման դեմ, փաստացիորեն գործում էին հենց ընդդեմ «գծատերերի», որոնց քաղաքապետարանն ապօրինաբար վարձակալության էր տվել Երևանի հասարակական տրանսպորտի ցանցը:

Բողոքի ցույցերն օրեցօր ավելի զանգվածային էին դառնում, ինչը ստիպեց Տարոն Մարգարյանին չեղյալ հայտարարել գների բարձրացման որոշումը: Եվ մինչև հիմա հասարակական տրանսպորտի գինը 100 դրամ է, սակայն այդ ոլորտում երևանցիները, մեծ հաշվով, այդպես էլ փոփոխություններ չտեսան:

Մինչև այժմ էլ Երևանում կարելի է տեսնել ժանգոտ ավտոբուսներ, որոնցով մարդիկ պիկ-ժամին երթևեկում են կանգնած, «երեքտակ կռացած»: Քաղաքային իշխանություններին և «գծատերերին» նույնպես հաջողվեց մնալ իրենց դիրքորոշմանը. առանց սակագների բարձրացման հասարակական տրանսպորտի որակի բարելավելումն անհնար է:

«ԴԵՄ ԵՄ»

Հայաստանի՝ պաշտոնապես գրանցված բոլոր աշխատողների համար, բացի ուժայիններից, 2014թ. հունվարի 1-ը նշանավորվեց տհաճ անակնկալով: Հայաստանի կառավարությունը որոշեց կուտակային կենսաթոշակային ապահովմանը պարտադիր բնույթ տալ: 1974թ. հետո ծնված քաղաքացիները պետք է իրենց աշխատավարձի հինգ տոկոսը հատկացնեին կենսաթոշակային ֆոնդին, ևս հինգ տոկոս հատկացում խոստանում էր կատարել պետությունը: Այդ որոշումը հասարակության կողմից սվիններով ընդունվեց: Հայ երիտասարդները պարզապես չէին հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերի կատարված մուծումներն արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու համար արդյունավետ միջոց կլինեն և երբևէ իրենց հետ կվերադարձվեն: Նոր օրենքի հակառակորդները շատ արագ կազմակերպեցին «Դեմ եմ» շարժումը, մի քանի խոշոր հանրահավաքներ անցկացրեցին Երևանի կենտրոնում, որն ուղեկցվում էր քաղաքի փողոցներում բազմահազարանոց երթով` գործատուների էլեկտրոնային հաշվետվություններից պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների կետը հանելու պահանջով: Բողոքի ակցիայի գագաթնակետը դարձավ Ֆինանսների նախարարության շենքից դուրս գալու և հավաքվածներին անձամբ բացատրություն տալու՝ նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի կողմից մերժումը:

Ի պատասխան դրա` ցուցարարները կենդանի շղթայով փակեցին հարակից Նալբանդյան փողոցը` ոստիկանության հետ ընդհարումներով այն զբաղեցնելով մի քանի ժամ: Հատուկ բողոքական ակտիվություն ցուցաբերեցին միջին խավի ներկայացուցիչները, որոնք հիմնականում զբաղված էին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքով: Ստանալով բարձր աշխատավարձ` այդ երիտասարդները հասկանալի պատճառներով չէին ցանկանում կիսվել անհասկանալի, երբեմն ոչնչից առաջացած կենսաթոշակային հիմնադրամների հետ:

Երիտասարդության ահագնացող ճնշման ներքո Սահմանադրական դատարանը մի որոշում ընդունեց, որով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դրույթը ճանաչեց հակասահմանադրական և, հետևաբար, չգործող: Դրանից հետո ԱԺ-ն օրենսդրական փոփոխություններ ընդունեց, որոնց համաձայն՝ հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը տարածվում է միայն քաղաքացիական ծառայողների վրա: Ընդ որում, ենթադրվում է, որ 2017թ. հուլիսի 1-ից կուտակայինը կրկին կհասնի մասնավոր հատվածի աշխատողների գրպաններին: Այսպիսով, քաղաքացիական հասարակության առավել ակտիվ և նորարար հատվածի հաջողությունը մասնակի էր, և իշխանությունների մտադրությունը միայն հետաձգվում էր մինչև լավագույն ժամանակները, ինչպիսին, անկասկած, հետընտրական 2017թ. է:

«ԷԼԵԿՏՐԻԿ ԵՐԵՎԱՆ»

2015թ. մայիսի վերջին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ռուսական ընկերությունը Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին (ՀԾԿՀ) ներկայացրեց էլեկտրաէներգիայի սակագինը 1կՎտ/ժ-ի համար 41.85 դրամից մինչև 58 դրամ բարձրացնելու մասին հայտը: ՀԾԿՀ-ը ռուսական ընկերության խնդրանքը բավարարեց մասամբ` սակագների աճը հաստատելով ոչ թե պահանջվող 40, այլ` 17%-ով: Այնուամենայնիվ, պայթյունի համար բավական էր նաև դա, քանի որ որպես սակագների բարձրացման արդարացում «ՀԷՑ»-ը` մասնավոր ընկերությունը, ներկայացրեց անհասկանալի պատճառներով առաջացած 220 մլն դոլարի պարտքի մարման անհրաժեշտությունը:

Հաճախորդները, որոնք առանց այն էլ պարբերաբար բավականին թանկ էին վճարում էլեկտրաէներգիայի հաշիվները, չէին ցանկանում վճարել մասնավոր ռուսական ընկերության պարտքերը, և հունիսի 19-ին Երևանի Ազատության հրապարակում նախագահին ուղղված շուրջօրյա լայնածավալ բողոքի ակցիաներ սկսվեցին` որով պահանջվում էր չեղյալ հայտարարել սակագների բարձրացման ՀԾԿՀ-ի որոշումը: Չստանալով պատասխան` քաղաքացիական ակտիվիստները երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա՝ նախագահական նստավայր: Բախվելով ոստիկանական արգելապատնեշին` մի քանի հարյուր երիտասարդներ տեղակայվեցին փողոցում՝ ամբողջովին արգելափակելով երթևեկությունը Բաղրամյան պողոտայում: Հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ջրցաններով, մահակներով և բռունցքներով ցրեց բողոքի ակցիան: 240 ցուցարարներ բերման ենթարկվեցին: Հունիսի 24-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում բարիկադներն աղբամաններով փակել էր մի քանի հազար մարդ:

Հունիս 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանատու անձանց հետ հանդիպման ժամանակ սակագների բարձրացման ՀԾԿՀ-ի որոշումը «չափազանց վտանգավոր» համարելով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում միջազգային ֆինանսական աուդիտ անցկացնելու որոշման մասին ազդարարեց:

Մինչև աուդիտորների կողմից եզրակացությունը նախագահը կառավարության անունից խոստացավ սակագնի բարձրացման ամբողջ բեռն իր վրա վերցնել, որից հետո կառավարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը խոստացան բնակչությանը և ՓՄՁ-ներին 2015թ. օգոստոսի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը համատեղ փոխհատուցել 6.93 դրամով բարձրացված էլեկտրաէներգիայի սակագինը: Այսպիսով, հերթական անգամ ցուցարարների պահանջները միայն մասամբ բավարարվեցին, սակայն նույնիսկ դա հանգեցրեց նրանց շարքերում սպասելի պառակտմանը, որից հետո «Էլեկտրիկ Երևան» շարժումն աստիճանաբար մարեց:

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԸ

Այսպիսով, վերջին 5 տարիներին քաղաքացիական ակտիվիստների գործողությունները վկայում են հայ երիտասարդության ներկայացուցիչների որոշակի ներուժի մասին: Եվ, անկասկած, ժամանակի ընթացքում ի հայտ կգան (եթե արդեն չեն եկել) նաև հստակ գիտակցված և շտկումների ենթարկված նպատակներ: Եթե Հայաստանում այդ ներուժին սկսում են տեսնել նրա՝ խորհրդարան ներթափանցելու պահից, ապա դրսից վաղուց է նկատվում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով և համապատասխան եզրակացություններով:

Արևմտյան, առաջին հերթին, եվրոպական երկրները հայ երիտասարդների հետ բավականին ակտիվ են աշխատում: Վերջին տարիներին ակնհայտորեն գիտակցելով գործող իշխանության ժամանակավոր լինելու փաստը` երիտասարդների հետ փորձում է աշխատել նաև Ռուսաստանը: Բնականաբար, և՛ նա, և՛ մյուսները, առաջին հերթին աշխատում են հայ երիտասարդ սերնդի քաղաքականացված մասի, գոյություն ունեցող քաղաքական ուժերի «երիտասարդական թևերի» հետ, սակայն աշխատանք է տարվում նաև քաղաքացիական տեսանկյունից ակտիվ երիտասարդների հետ: Եվ Հայաստանում տարերային քաղաքացիական շարժումների առաջացմամբ պայմանավորված այդ աշխատանքը, որը ցույց է տալիս երիտասարդների կարևորությունը` որպես հանրապետության ներքին, և, հետևաբար, արտաքին քաղաքականության դերակատարի, միայն ուժեղացել է:

Նման աշխատանքի օրինակ է Երևանում գործող Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի գործունեության երիտասարդական վեկտորը: Ըստ այդ կենտրոնի տնօրեն, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Մարկ Կալինինի խոսքերի՝ ԳՄՌԿ-ն արդեն մի քանի տարի է, ինչ Ռուսաստանի մշակութային և հումանիտար գործընթացներում ստեղծում է հայ երիտասարդների մասնակցության համար բոլոր անհրաժեշտ պայմանները[iii]: Այս նպատակով է, որ երևանյան գրասենյակն իրականացնում է «Նոր սերունդ» ծրագիրը, որի շահառու է արդեն դարձել հայկական երիտասարդական կազմակերպությունների ավելի քան 50 առաջնորդ: Ամեն տարի շուրջ 15 երիտասարդ ուղարկվում է Ռուսաստանի ԳՄՌԿ, որտեղ նրանք հանդիպում են իշխանության ներկայացուցիչների հետ, այցելում ռուսական շրջաններ: Վերադառնալով նրանք մտնում են «Նոր սերունդ» ակումբի կազմի մեջ, որտեղ ԳՄՌԿ ղեկավարությունն աշխատում է նրանց հետ և ամենամսյա հանդիպումներում քննարկում նոր ծրագրեր, որոնցից շատերն իրականացվում են:

Բացի այդ ամեն տարի ԳՄՌԿ-ը Հայաստանում գործող ռուսական ընկերությունների հետ համագործակցությամբ ուսանելու նպատակով շուրջ 200 տաղանդավոր երիտասարդ է ուղարկում Ռուսաստանի Դաշնության առաջատար համալսարաններ: Մասնավորապես՝ «Հայկական երկաթուղիներ»-ը և «ԳեոՊրոՄայնինգ»-ը հետաքրքրված են իրենց ապագա աշխատակիցներին պրոֆիլային ռուսական բուհեր ուսման ուղարկելու ուղղությամբ: Ըստ Կալինինի` այդ ամբողջ աշխատանքը կատարվում է, որպեսզի Ռուսաստանի հետ ավելի մոտիկից ծանոթացած երիտասարդներն իրենց ընտրությունը կատարեն Ռուսաստանի օգտին և սիրեն նրան»:

Պետք է ընդունել, որ ԳՄՌԿ երևանյան գրասենյակը, իր աշխատանքի շնորհիվ ժամանակակից Ռուսաստանի նկատմամբ սիրո զգացումներ սերմանելով, բավականին մեծ հաջողությունների է հասել: Այս մասին են վկայում վերջին նախընտրական քարոզարշավի ընթացքում Երևանում կրկին անցկացված կլոր սեղանի արդյունքները, որին մասնակցում էին Ռուսաստանում “կրթված” երիտասարդները[iv]: Կլոր սեղանի մասնակիցները Հայաստանի զարգացման և տնտեսական աճի հնարավորությունը տեսնում էին բացառապես ԵՏՄ-ի և նույնիսկ ՀԱՊԿ-ի մեջ` իրենց աջակցությունը հայտնելով Հայաստանում այդ կառույցների դիրքերի ամրապնդմանն ուղղված կառավարության նախաձեռնություններին:

Այս լույսի ներքո այդ երիտասարդները Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրը գնահատեցին կայուն և Հայաստանի շահերից բխող: «Ելք» դաշինքի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ծրագիրը երիտասարդ հասարակական ակտիվիստները խոտան են համարել` ուժերին մեղադրելով արևմտամետության մեջ, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը և Ռուսաստանի հետ գործընկերությունը քննադատելու համար: Կլոր սեղանի արդյունքներով ընդունված բանաձևում մասնակիցների կողմից առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր նախընտրական քարոզարշավի ընթացքում ապատեղեկատվություն են տարածել:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չնայած հայկական քաղաքական դաշտի և, ինչպես ցույց տվեցին վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հայ հասարակության արհեստական, ծայրահեղ ճահճացմանը՝ քաղաքական դաշտում որոշակի իրավիճակային տեղաշարժեր են կատարվում: Դրանք առաջին հերթին պայմանավորված են արտաքին ազդեցությամբ, քանի որ Հայաստանը, չնայած մասնակի ներքին և արտաքին շրջափակմանը, շարունակում է մնալ արագորեն գլոբալացվող աշխարհի մի մասը: Եվ, չնայած հայ ընտրողի՝ նախընտրական զգացումների ելևէջներում վերոնշյալ պատերնալիզմին՝ Հայաստանում երիտասարդ, մտածող, ազատ և որ ամենակարևորն է՝ ստրկական հոգեբանություն չունեցող մարդկանց առկայությունն ավելի լավ ապագայի հույս է ներշնչում: Շատ կարևոր է, որ այդպիսի մարդիկ այսօր գտնվում են ոչ միայն խորհրդարանում: Թվում է, որ հայկական քաղաքականության մեջ նման անձանց առկայությունը հավակնությունների, ձգտումների և ծրագրերի ընդլայնման հնարավորության հետ միասին Հայաստանի քաղաքական ապագայի բավականին ծանրակշիռ գործոն է:

Ներկայումս հայ քաղաքական գործիչների երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ զրույցներից պարզ է, որ նրանք ակնհայտորեն բան ունեն առաջարկելու և ասելու աշխարհին. Եվրոպային ասելիքն ու առաջարկելիքը՝ ադեկվատ, իր հազարամյա քաղաքակրթությունը վերհիշած Հայաստան, Միացյալ Նահանգներին` որևէ արտաքին պարտավորությունից զերծ գործընկեր Հայաստան, իսկ Ռուսաստանին և հարևաններին` տարածաշրջանային փոխշահավետ նախագծերում իրավահավասար և համարժեք գործընկեր: Այսինքն այն ամենը, ինչը երկրի ներկա ղեկավարությունը գործընկերներին չի ցանկանում կամ չի կարող առաջարկել:

Հայաստանի ղեկավարությունը նախընտրում է համապատասխան ծառայություններ մատուցել և վճար ստանալ: Իհարկե, կարելի է նշել, որ դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, եթե չլիներ մեկ «բայց»: Հայաստանի ղեկավարության կողմից տրամադրված ծառայությունները վճարվում են Հայաստանի և Արցախի ժողովրդի կողմից, վճարվում են իրավունքի, ինքնիշխանության առևտրի միջոցով: Եվ վաղ թե ուշ կավարտվի նաև այդ «ռեսուրսը», իսկ այն սպառնում է ներքին պայթյունով և այս դեպքում կարևոր չէ՝ այն դրսից է հրահրվել, թե ոչ:

Նման հեռանկարների պարագայում Հայաստանում ավանդական քաղաքական ուժերի բացակայության լույսի ներքո, որոնք կարող են այլընտրանք լինել հայ քաղաքական գործիչների ապագա սերնդի համար, արտաքին դերակատարները, մեծ հաշվով, արդեն խաղադրույքներ են կատարում այդ սերնդի վրա: Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և որ ամենակարևորն է՝ առաջիկա 5 տարիներին հանրապետական Հայաստանի կյանքը պետք է ստիպի հայ ընտրողներին ի վերջո խորը մտածել իրենց և իրենց երկրի ապագայի մասին:

 ՀՂՈՒՄՆԵՐ

[i] Геворк Горгисян: 122 тысяч армянских граждан, избирающих не за взятки, а за идеи, сломали миф о том, что “люди ничего не решают” https://arminfo.info/full_news.php?id=25223&lang=2#sthash.Egs9iEev.dpuf, Арминфо, 06.04.2017

[ii] Александр Искандарян: Ни одна из участвующих в выборах сил менять 2 апреля в Армении власть не намерена – https://www.arminfo.am/full_news.php?id=24721, Арминфо, 15.03.2017

[iii] Марк Калинин: «В Армении нужно увеличивать усилия в разы…», https://www.kavkazoved.info/news/2015/07/15/mark-kalinin-v-armenii-nuzhno-uvelichivat-usilija-v-razy.html Кavkazoved.info, 15.07.2015

[iv] Առաջարկում են պատժել «Ելք»-ին եւ «Ազատ դեմոկրատներին» (Տեսանյութ), https://www.aravot.am/2017/03/29/871729/, Առավոտ, 29.03.2017

 

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031