Ռեսուրսների բացակայությունը և իշխանությունների կողմից պասիվ վարքը Հայաստանում փոքրամասնությունների լեզուների պաշտպանության հիմնական խոչընդոտներն են: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանում փոքրամասնությունների լեզուների պաշտպանության մասին զեկույցում:
Հայաստանն ու հայերը հարգալից վերաբերմունք ունեն լեզուների և մշակույթների նկատմամբ. Հայաստանի օրենսդրությունը համապատասխանում է երկրի կողմից փոքրամասնությունների լեզուների պաշտպանության հարցում Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների խարտիայով ստանձնած պարտավորություններին: Այնուամենայնիվ, ավելի շատ ջանքեր պետք է գործադրվեն՝ բարձրացնելու համար գիտակցությունը երկրի փոքրամասնությունների լեզուների և մշակույթների նկատմամբ, ուշադրություն հրավիրելու ֆինանսավորման խնդիրների վրա և փոխելու իշխանությունների վերաբերմունքը նրանց՝ լեզուների պաշտպանության հարցում:
Զեկույցը ներառում է մինչև 2016թ. մայիս ընկած ժամանակահատվածը և հատուկ ուշադրություն է հատկացնում Հայաստանում ճանաչված 5 փոքրամասնությունների (ասորիներ, քրդեր, հույներ, ռուսներ, եզդիներ) լեզվի մասին իրավունքներին:
Զեկույցում ներկայացվել են մի շարք միջոցառումներ, որոնք կարելի է ձեռնարկել այդ լեզուների կիրառումը խրախուսելու համար: Նկատվել են նաև բացթողումներ՝ կապված նրանց լեզուներով դասագրքերի հրատարակման հետ: Ռուսերենի հետ կապված իրավիճակը մտահոգությունների տեղիք չի տալիս. սա միակ փոքրամասնությունների լեզուն է, որով ապահովվում է երկլեզու կրթություն տարբեր կրթական մակարդակներում:
Ընդհակառակը, հունարենի հետ կապված իրավիճակը չի համապատասխանում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Վտանգ կա, որ պոնտական հունարենը կարող է անհետանալ որպես Հայաստանում փոքրամասնությունների լեզու: Զեկույցի հեղինակները Հայաստանի իշխանություններին խորհուրդ են տալիս վճռական քայլեր ձեռնարկել դա կանխելու համար:
Որոշակի առաջընթաց կա ասորերենի, քրդերենի և եզդիերենի հարցում: Այս երեք փոքրամասնությունները ունեն միայն մարգինալ ներկայացվածություն հանրային և մասնավոր մեդիայում, չնայած բարենպաստ օրենսդրական դրույթներին: Կա բարձր որակավորում ունեցող ուսուցիչների բացակայություն: Թերությունները հիմնականում կապված են ֆինանսավորման պակասի հետ, ինչը մասնավորապես ազդում է ուսուցման և մեդիայի վրա:
Փոքրամասնությունների լեզուներին տրված աջակցությունը հաճախ սահմանափակվում է էթնիկ փառատոներով, փոքրամասնությունների կողմից կազմակերպված տարբեր միջոցառումներով:
Զեկույցի հեղինակները Հայաստանի իշխանություններին խորհուրդ են տալիս պատասխանատվություն ստանձնել Խարտիայի դրույթներն իրագործելու համար և համագործակցել տեղական իշխանությունների և ազգային փոքրամասնությունների համայնքների հետ: Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ փոքրամասնությունների լեզուների պաշպանությունը հենց փոքրամասնությունների պատասխանատվության տակ է:
Հայաստանը Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների խարտիային միացել է 2002թ. մայիսին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ