Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող մտքներով չանցնի, որ այս մի բանը կարող են մարսել». Կարինե Խոդիկյան

Մայիս 11,2017 15:25

ՀՀ կառավարության որոշումը օպտիմալացնել 20 դպրոց, լուրջ քննադատության է ենթարկվում մտավորականների կողմից:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը նշեց, թե ինքը նման մտավախություն ուներ, որն էլ իրականացավ. «Կարեն Կարապետյանի կառավարությունում հաշվարկներ լավ են կատարվում: Բացահայտել են, որ մարզերում, գյուղերում և սահմանամերձ շատ դպրոցներ իրենց չեն արդարացնում և դրանից ելնելով՝ որոշել են առաջ քաշել օպտիմալացումը: Ֆինանսական, տնտեսական հաշվարկները պետություն կառուցելիս երբեմն վատ խորհրդատու են, քանի որ եթե մենք առաջնորդենք այդ սկզբունքներով, ապա ինքնուրույն լինելն էլ է ֆինանսներ պահանջում, ավելի նպաստավոր կլինի, եթե գաղութի կարգավիճակում լինես: Այս ճանապարհը տանում է դեպի փակուղի, դժոխք»:

Տիկին Դիլբարյանի համոզմամբ՝ օպտիմալացումը, որքան էլ ֆինանսական առումով ճիշտ է արված, կրթության, մշակույթի բնագավառում երբեմն փակուղի է տանում. «Եթե փակվեն այդ դպրոցները, կարող եմ երաշխավորել, որ շատ արագ այդ գյուղն էլ կփակվի, ոչ մեկ չի ուզենա կտրել կիլոմետրեր, որ իր երեխային տանի դպրոց: Շատերը նախընտրում են գնալ արտերկիր, որ խաղաղ ապրեն, հիմա էլ կլքեն գյուղը, կգան Երևան, ու կունենանք Երևանը որպես Հայաստանի Հանրապետություն»:

«Գրական» թերթի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը «կառավարության պայծառ ուղեղներին» խորհուրդ է տալիս ֆինանսական հաշվարկները դնել մի կողմ ու հիշել իրենց հայի տեսակը. «Դպրոցները փակում են, որ սահմանամերձ գյուղերը փակվեն, որ թշնամին, թե ասում է 14 րոպեում պիտի Երևան հասներ, հիմա 4 րոպեում Երևան հասնի: Սահմանը պահողը ոչ միայն սահմանին կանգնած զինվորն է, որին օրական մատաղ ենք անում, այլ նա կռվում է, քանի որ իր թիկունքում գյուղ կա, մարդիկ, երեխաներ կան և դպրոց կա»:

Նաիրա Դիլբարյանի կարծիքով՝ այս հարցում դերակատարություն է ունեցել նաև այն, որ Կարեն Կարապետյանի կառավարության անդամներից շատերը ռուսական կրթություն ունեն. « ՌԴ-ում կրթություն ստանալը վտանգավոր ճանապարհ է, կան լավ տեխնոլոգիաներ ուղեղի լվացման: Նման կրթություն ստանալով՝ լվացված ուղեղներով գալիս են ՀՀ և իրականացնում նման ծրագրեր»:

Լեզվի պետական տեսչության փակման ծրագիրը Նարինե Դիլբարյանը համարում է շատ մեծ վտանգավոր ծրագրի մի վտանգավոր մաս. «Կարեն Կարապետյանը գնում է թույլ դիմադրության ճանապարհով, պետք է ինչ-որ գործողություն կատարել, ո՞վ է ամենաանվտանգը՝ լեզվի պետական տեսչությունը: Վարչապետն էլ հայոց լեզվին տիրապետում է այնքանով որքանով, ուստի իր աշխարհընկալման մեջ դա փոքր տեղ ունի, տեսչությունն էլ բնավ իր աշխատանքային սխրանքներով չի փայլում, դարձել էր կասկածելի մարմին: Բայց հոնքը ուղղելու փոխարեն մենք աչքն ենք հանում»: Նարինե Դիլբարյանի պնդմամբ՝ խախտվում է ՀՀ սահմանադրությունը:

Կարինե Խոդիկյանի համոզմամբ՝ տեսչությունը ոչ թե պիտի փակվի, այլ այդ մարմնին լիազորություններ տան. «Իմ սեփական երկրում խանութի վրա անգլերեն մեկ մետրանոց տառերի տակ փոքր, հազիվ նկատելի հայերեն չպետք է գրվի: Դա կլինի վարչապետի իսկական քաղաքացիական վերաբերմունքը: Թող մտքներով չանցնի, որ այս մի բանը կարող են մարսել: Մտավորականությունը, գրողները, մարդիկ, ովքեր գիտեն, որ երկրի պաշտպանության, անվտանգության գործիքներից մեկը լեզուն է, այդպես չեն թողնի: Առանց այն էլ ԱԺ-ում մեր լեզուն վաղուց վերածվել է ինչ-որ մի կենդանական բարբաջանքի: Եթե արդեն լեզվի տեսչություն են լուծարում, թող միանգամից նստեն ու պարզ ասեն, թե մեր երկրի անվտանգության հիմքը կազմող լեզուն ու դպրոցը իրենց համար ինչ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031