Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի անդամակցության դադարեցումից հետո բանակցություններ կվարի բալկանյան երկրները ներգրավելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ես համոզված եմ, որ Եվրամիությունն ապագայում չի մնա 27 երկրների կազմով, քանի որ մենք կունենանաք նոր անդամ-պետություններ: Ես կարծում եմ, որ դրանք կլինեն բալկանյան երկրներ, որոնց հետ մենք անդամակցության շուրջ բանակցություններ ենք վարում: Շատերն այդ գործընթացն անվանում են «ընդլայնում», իսկ ես նախընտրում եմ դա անվանել Եվրոպայի վերամիավորում»,- ասել է Մոգերինին իտալական La Stampa-ի հետ զրույցում:
Մոգերինին նշել է, որ բալկանյան երկրները՝ Սերբիան, Կոսովոն, Մոնտենեգրոն, ԵՄ-ի հետ հարաբերությունների շնորհիվ կարողացել են բուժել պատերազմի վերքերը: «Դեռ սպասվում է երկար, ծանր և ոչ միշտ ուղիղ ճանապարհ: Ես համոզված եմ, որ այն կշարունակվի, քանի որ այդ երկրներից յուրաքանչյուրն ունի ԵՄ-ի հետ ընդհանուր հեռանկարներ»,- ասել է Մոգերինին:
Անդրադառնալով Մեծ Բրիտանիայի անդամակցության դադարեցմանը՝ Մոգերինին կարծիք է հայտնել, որ «Brexit-ի հանրաքվեից հետո շատերը կանխատեսում էին, որ դա կլինի վերջի սկիզբը, բայց վերջին ընտրությունները, ոչ միայն Ֆրանսիայում, ցույց տվեցին հակառակը»:
Մոգերինիի խոսքով՝ եվրոպացիները սկսում են հասկանալ՝ ինչից կարող են զրկվել, և ֆրանսիացիները, ընտրելով Էմանուել Մակրոնին, հստակ ակնարկեցին, որ պաշտպանում են եվրոպական նախագիծը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ