Թբիլիսի, 2017 թ. մայիսի 11: Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (ԵԿԱ) տնտեսական աճի տեմպը 2017 թ. փոքր-ինչ կարագանա՝ հաջորդելով տարածաշրջանի արևելյան կեսի համար նպաստավոր նավթի գների կայունացմանը և տարածաշրջանի արևմտյան կեսում տնտեսության շարունակական վերականգնմանը:
Ըստ ԵԿԱ-ի տնտեսական վերջին զարգացումների մասին «Առևտուրն անցումային փուլում» (Trade in Transition) վերջին զեկույցի, որի շնորհանդեսը կայացել է այսօր Թբիլիսիում, Վրաստան, 2017 թ.-ին տարածաշրջանում կանխատեսվում է 1.9 տոկոս աճ, ինչը 0.3 տոկոսային կետով բարձր է ավելի վաղ՝ հոկտեմբերին կատարված կանխատեսումից, և 2018 թ. կպահպանվի կայուն՝ 1.8 տոկոս:
Զեկույցում նշվում է նաև, որ տարածաշրջանում նշված համեստ աճից օգտվելու համար առևտրի բարելավմանն ուղղված քաղաքականություններն առանցքային կարևորություն ունեն: Առևտուրը կենսական նշանակություն է ունեցել ԵԿԱ-ում մարդկանց կյանքի բարելավման հարցում: 1990-ականների անցումային ժամանակաշրջանից մինչ օրս առևտուրը խթանել է աճը, ստեղծել է աշխատատեղեր և միլիոնավոր մարդկանց համար հասանելի է դարձրել տարբեր ապրանքներ և ծառայություններ:
«Վերջին երեք տասնամյակներում միջազգային առևտրի կտրուկ աճը արմատապես վերափոխել է տարածաշրջանը: Այն հնարավոր է դարձրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անցումը շուկայական տնտեսությունների և շաղկապված է եղել Եվրամիությունում ընդհանուր շուկայի ստեղծման հետ»,- ասում է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Հանս Թիմմերը:
«Առևտուրը խթանել է նորարարությունը, և ներկայումս տարածաշրջանի ավելի մեծ թվով մարդիկ են աշխատաշուկայի մասնակից, քան նախկինում: Սակայն միջազգային մրցակցության ու նոր տեխնոլոգիաների հետևանքով նվազել է աշխատանքով ապահովվածությունը: Երկրները պետք է իրենց սոցիալական պաշտպանության համակարգերը համապատասխանեցնեն աշխատաշուկայի այս նոր իրողություններին, որպեսզի աշխատողներին օգնեն անորոշության հաղթահարման հարցում»:
Ընդհանուր առմամբ տարածաշրջանը դիմակայել է ողջ աշխարհում առևտրի տեմպի ներկա դանդաղմանը, ընդ որում առևտրի ծավալները շարունակել են համախառն ներքին արդյունքից (ՀՆԱ) երկու անգամ ավելի արագ աճել: Համաշխարհային առևտրի տեմպի դանդաղումը պայմանավորող հիմնական գործոնը Չինաստանից արտահանման տեմպի ներկա դանդաղումն է, սակայն Չինաստանի արտահանման մրցունակության նվազումն իրականում նոր հնարավորություններ է ստեղծել ԵԿԱ-ի համար: Զեկույցի համաձայն՝ երկրները կարող են լավագույնս օգտվել այս հնարավորությունների առավելությունից՝ որդեգրելով տնտեսական աճի նոր ռազմավարություն, որի առանցքում միջազգայնորեն մրցունակ ոլորտներում աշխատանքի այս նոր հնարավորություններն են:
Այս ռազմավարությունը զարգացնելու համար անհրաժեշտ է երեք անցում.
I. Շարունակական անցում դեպի այն ապրանքների արտադրությունը, որոնք կարող են իրացվել միջազգային շուկաներում՝ ներմուծումից արտահանման կայուն անցման շարժիչը լինելու համար.
II. Վերակողմնորոշում դեպի Ասիա՝ վերջին տասնամյակներում ԵԿԱ-ն բնորոշող ներտարածաշրջանային առևտրից հեռանալով.
III. Անցում ապրանքներից դեպի ծառայությունների, օրինակ՝ զբոսաշրջություն ու ծրագրային ապահովում, որտեղ գտնվում է ապագա աճի հնարավորությունների մեծ մասը:
Մամլո հաղորդագրություն