Հարցազրույց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի փաստաբան ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
-«Ելք» դաշինքի ծրագրային առաջարկը՝ «սոցիալական աջակցություն ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիներին», բուռն քննարկումների առարկա է դարձել: «Ելքը» սա համարում է ընտրակաշառքի «ճիրաններից» դուրս գալու արժանապատիվ լուծում, մինչդեռ այն իրավական առումով խոցելի հայտարարություն է: Արդյոք սրանով ընտրակաշառքի խոստում չտրվե՞ց, նաեւ ընտրակաշառքի դեմ պայքարելու համար մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն հետապնդելի արարք չէ՞:
-Այո, կարող ենք համարել, որ այդ հայտարարությամբ ընտրակաշառքի խոստում տրվեց: Ես կառաջարկեի, որ ԿԸՀ-ն այդ հայտարարությանը տար իրավական գնահատական, կուզենայի լսել, թե ինչպե՞ս է ԿԸՀ-ն մեկնաբանում քաղաքապետի թեկնածուի այս միտքը:
Երբ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանեց ու նման խոստումներ տվեց, ԿԸՀ-ն արագ կանխեց այն, մինչդեռ ինձ զարմացնում է, որ չնայած Նիկոլ Փաշինյանը արդեն երեք օր է, ինչ շրջանառել է իր հայտարարությունը, սակայն ԿԸՀ-ն լռություն է պահպանում: Որպես իրավաբան՝ դրանից շատ անհանգստացած եմ: Մինչդեռ սա այն դեպքն է, որ ԿԸՀ-ն անպայման պետք է միջոցներ ձեռնարկի:
Նման հայտարարությունը նաեւ համարում եմ քրեորեն հետապնդելի արարք: Կարծում եմ, իրավապահ մարմինները, թեկուզ գլխավոր դատախազությունը այդ հայտարարության ուղղությամբ պետք է հետաքննություն սկսեն: Ի վերջո, «Ելքի» ներկայացուցիչները պետք է թափանցիկ, հստակ բացատրեն, թե ի՞նչ են հասկանում նման աջակցություն ասելով: Ու իրավապահներն էլ թող պարզեն՝ արդյոք նրանց քայլի մեջ տեսնո՞ւմ են քրեորեն հետապնդելի արարք, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է այդ առաջարկն արժանապատիվ լուծում համարելուն, այդտեղ արժանապատիվ քայլ չեմ տեսնում: Նրանք կոռուպցիայի, ընտրակաշառքի դեմ պայքարելու համար սխալ ձեւաչափ են առաջարկում:
-Այս հայտարարությունը ընտրակաշառքը լեգիտիմացնող քայլ չէ՞: Նիկոլ Փաշինյանը կոնկրետ թիվ շրջանառեց՝ 15000 դրամ, փաստորեն նա այդ կերպ ընտրակաշառքի չափը սահմանեց:
-Սա խիստ վտանգավոր հայտարարություն եմ համարում նաեւ այդ տեսանկյունից: «Ելքը» ուղիղ տեքստով հայտարարել է, թե ընտրակաշառքի դեմ պայքարում ենք օրինական ճանապարհով, ասել է թե՝ կաշառք կտանք օրինական ճանապարհով:
Փաշինյանը խոսեց ընտրակաշառքի «շուկայում» շրջանառվող գումարի չափի մասին ու 15000 դրամ ասելով, այո, նա ամրագրեց շուկայում շրջանառվող ընտրակաշառքի գումարի չափը:
-Հետաքրքիր է նաեւ, թե ինչպե՞ս պետք է ընտրողները քաղաքապետ Փաշինյանին ապացուցեն, որ իրենք ընտրակաշառքից անկեղծորեն հրաժարվել են, պիտի երդվե՞ն, թե՞ ազնիվ խոսքն էլ բավարար կլինի, որ Փաշինյանը հանի ու տա խոստացված 15000-ը:
-Ես այդ հարցը ուզում եմ ուղղել «Ելքին». ինչպե՞ս պետք է քաղաքացին ապացուցի, որ չի վերցրել ընտրակաշառք: Բնականաբար ստելու է: Ընտրությունների ժամանակ քիչ չէին դեպքերը, երբ մեկ անձը տարբեր թեկնածուներից գումարներ էր վերցրել՝ ամեն մեկին խոստանալով, որ իր օգտին է քվեարկելու: Սրա դե՞մ ոնց են պայքարելու:
Ասում է՝ եկեք դիմում գրեք, ձեզ փող կտամ: Կարո՞ղ է «Ժեկ»-ից են տեղեկանք բերելու, որ՝ մենք մաքուր ենք, որ ընտրակաշառք չենք վերցրել: Ես ի՞նչ իմանամ՝ 15000 ո՞ւմ եք տալու: Եթե լուրջ ծրագիր ունեք, լրջորեն, կետ առ կետ ներկայացրեք՝ ոնց եք անելու: Ես դա չեմ պատկերացնում:
Չեմ ուզում որեւէ քաղաքական ուժի վատաբանել, բայց չեմ կարող չասել, որ այդ հայտարարությունը բացասական ազդեցություն ունեցավ «Ելքի» իմիջի վրա: Ավելին՝ ես այն դիտում եմ հօգուտ Տարոն Մարգարյանի արված քայլ: Նույնիսկ մտածում եմ՝ կարո՞ղ է Փաշինյանը դա հատուկ արեց, որ մարդիկ գնան ու Մարգարյանին տան իրենց ձայնը, քանի որ «Ելքը» այդ հայտարարությամբ վարկանիշի լուրջ կորուստ ունեցավ:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում