Ընդդիմադիրներն իշխանավորներից պետք է մի փոքր ավելի տաղանդավոր լինեն։ Տրամաբանությունը դա է հուշում։ Այլապես ի՞նչ ընդդիմադիր, որ ավելի լավ բան չի առաջարկում։ «Ելքը», ահա, ապացուցեց, որ ավելի տաղանդավոր է, քան ՀՀԿ-ն, որ իր իշխանության տարիներին այդպես էլ չկարողացավ ընտրակաշառքն այնպես տալ, որ դա հանցագործություն չդիտվի։ «Ելքին» դա հաջողվեց անել մի քանի րոպեանոց քննարկումների եւ մեկ հատիկ ասուլիսի միջոցով։ Եվ հիմա բոլորը, Տարոն Մարգարյանին մոռացած, «Ելքի» մասին են խոսում։ Ինչպե՞ս չհիանաս։
«Ելքի» աշխարհացունց հայտարարությունը, թե իրենք ընտրակաշառքը հետո են տալու եւ օրենքով, ոմանք գնահատեցին որպես պոպուլիզմ եւ ընտրական տեխնոլոգիա։ Իհարկե, դա էլ կա, բայց գերակշռողն այս ամենում այդ անմեղ բաները չեն, այլ այն, որ սա ընտրակաշառք առաջարկելու բոլորովին նոր եւ շատ ավելի հանդուգն ձեւ է, որի վրա, չգիտես ինչու, պատկան մարմինները չեն կենտրոնանում։ Սա էլ երեւի պետք է վերագրել մեր ժողովրդավար էությանը։ Հայաստանը հիրավի ազատ երկիր է։
Ես մեկին ասում եմ՝ ինձ ընտրես, դառնամ քաղաքապետ, քաղաքի բյուջեից քեզ փող կտամ։ Զարմանում է՝ ո՞նց։ Շատ պարզ, ես քեզ կհայտարարեմ «նախորդ իշխանությունների կողմից ընտրակաշառքի հարկադրված քաղաքացի», այսինքն՝ բարոյապես տուժած, եւ նյութական կոմպենսացիա կտամ կամ դոտացիա կտամ կրածդ չարչարանքի համար, որ դիմադրել ես ու չես ընդունել իշխանությունների ընտրակաշառքը։ Մոտավորապես այսպիսի բան է երկնել «Ելքը»։ Սրան պետք է հետեւեր Նիկոլ Փաշինյանին եւ Էդմոն Մարուքյանին, առանց փողային նվագախմբի աջակցության ձեռնաշղթաներ հագցնելու անբռնազբոսիկ արարողությունը, բայց, ավաղ, հայրենի ոստիկանությունը վերջերս արձագանքում է միայն Նիկոլ Փաշինյանի ահազանգերին։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում