«Ոլորտի թիվ մեկ մարտահրավերը ապակենտրոնացման հարցն է: Ռեսուրսների իննսուն տոկոսից ավելին իշխանության ձեռքին են: Այս տեսանկյունից պիտի լինեն ռեֆորմները»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր նման կարծիք հայտնեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը`խոսելով համայնքների խոշորացման սպասվող երկրորդ փուլի մասին: Այս փուլով, նախատեսվում է 380-ից ավելի համայնքների խոշորացում:
Բանախոսը տարակուսում է այս տարբերակով բարեփոխումներ իրականացնելու առնչությամբ: «Վարչատարածքային փոփոխությունները ռեֆորմի մի մաս են, բայց դա առաջնային չպիտի լինի»,- կարծում է Էմին Երիցյանը: Ըստ նրա, Սահմանադրական փոփոխություններն էլ չնպաստեցին այս առումով օրենսդրական դաշտի հստակեցմանը: Ամենադրականը, բանախոսը համարում է Երեւան քաղաքի մասին օրենքը, որը նպաստեց տեղական կառավարման համակարգի որոշ դրույթների ամրապնդմանը:
Մանրամասները` տեսանյութում
Խոշորացման երկրորդ փուլում Էմին Երիցյանը նաեւ դրական դինամիկա է ուզում տեսնել`նախորդի համեմատ: Խոշորացման առաջին փուլը, ըստ նրա՝ կարկատանային բնույթ էր կրում. «Ներկայիս նախագիծը առաջ է գնացել, ճիշտ է, որ նախկին խորհրդային վարչատարածքային համակարգով են գնացել, բայց լոսկուտային մոտեցումը դեռ կա»: Եթե բարեփոխումը չի արվում բնակավայրն ուժեղացնելու, զարգացնելու համար, ըստ Էմին Երիցյանի, մնում է միայն կառավարման հարմարավետությունը:
Նա հիշեցնում է, որ նախընտրական շրջանում վարչապետը բնակավայրերում հանդիպումների ժամանակ համայնքներից զարգացման ծրագրեր էր ուզում ու շատ սահմանափակ թվով գաղափարներ առաջարկվեցին: Էմին Երիցյանը, բերելով համաշխարհային փորձը, ասում է, որ տնտեսության զարգացման շարժիչները լինում են շրջանները, ուստի ճիշտը այդ մակարդակում հնարավորությունների ստեղծումն է, ինչը կհանգեցնի նաեւ համայնքներում տնտեսական աշխուժության: Այս իմաստով նաեւ, նա վստահ է, որ վարչատարածքային փոփոխությունները համալիր պետք է դիտարկել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ