Այսօր միջնորդների համար ղարաբաղյան կարգավորման առաջնահերթ մարտահրավերն է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին իրական բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը: Այս մասին Ատլանտյան Խորհրդում անցած քննարկման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը.
«Մեր նպատակն է օգնել կողմերին քաղաքական կամք ցուցաբերել եւ կատարել այն վերջին խիզախ քայլը՝ հաղթահարելով եղած տարաձայնությունները եւ խաղաղություն ու կայունություն հաստատել իրենց երկրներում»:
Դեսպանի խոսքով, այսօրվա պայմաններում նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումն անհրաժեշտություն է դարձել.
«Մենք կցանկանայինք, որպեսզի նախագահները կրկին հանդիպեն, որքան շուտ՝ այնքան լավ: Դեմ առ դեմ երկխոսությունն անփոխարինելի է, եւ համանախագահները պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը ցանկացած ժամի»:
Հոգլանդը միեւնույն ժամանակ հիշեցնում է, որ հենց կողմերն իրենք պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն տեւական խաղաղության հաստատման համար: Դեսպան Հոգլանդը ողջունելի է համարում նույնիսկ միակողմանի քայլերը, որոնք կապացուցեին նվիրումը խաղաղ գործընթացին :
Քննարկմանը մասնակցող մյուս վերլուծաբանների կարծիքով, սակայն Հարավային Կովկասում ստեղծ իրավիճակում, թվում է թե Միացյալ Նահանգները նահանջել է եւ տարածաշրջանի երկրներն իրենց անվտանգությունն այլեւս չեն կապում ԱՄՆ-ի հետ, որի հետեւանքներից մեկն էր նաեւ նախորդ տարվա ապրիլյան պատերազմը:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում