Կարծում եմ՝ ոչ միայն իմ, այլեւ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների ցանկությունն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը մնա իր պաշտոնում նաեւ 2018 թվականից հետո, այսինքն՝ դառնա երկրի առաջին դեմքը: Խնդիրն այն չէ, որ մենք ընդհանրապես չունենք ավելի լավ թեկնածուներ, պարզապես պետք է հաշվի առնել քաղաքական իրողությունը՝ չկա ավելի լավ թեկնածություն ներկա՛ իրավիճակում եւ ներկա՛ իշխանական համակարգում: Կարեն Կարապետյանի արժանիքները հայտնի են, եւս մեկ անգամ թվարկելու կարիք չկա, այդ արժանիքները, կրկնեմ, հարաբերական են, ոչ թե բացարձակ, բայց, ինչպես ասում էր ընկեր Ստալինը, «այլ գրողներ մենք չունենք»:
Տնտեսությունը ղեկավարելու, զանազան ոլորտների հարցերը կարգավորելու առումով վարչապետը խնդիրներ չունի: Նրա խնդիրները քաղաքական դաշտում են՝ Կարեն Կարապետյանը դեռեւս չի դարձել քաղաքական գործիչ: Բայց դա դատավճիռ չէ. հաշվի առնելով նրա ընդունակությունները՝ վարչապետը կարող է այս մի տարում շատ բան սովորել: Եթե չզլանա, իհարկե, եւ չմտածի, թե ամեն ինչ գիտի:
Իմ կարծիքով՝ ժամանակակից քաղաքական գործիչը նա է, ով պատրաստ է, որ ցանկացած վայրում, ցանկացած պատեհ կամ անպատեհ առիթով նրա «երեսին կթռնի» առնվազն 25 աղջիկ՝ զինված հեռախոսներով եւ փոքրիկ կամերաներով, ու կտա ցանկացած, անգամ ոչ կոռեկտ, ոչ իմաստալից, գործի հետ ոչ մի կապ չունեցող հարց: (Ես չեմ կիսում իմ սերնդի լրագրողների փնթփնթոցը՝ «ախ, այս կայքերը, որոնք կործանում են իսկական լրագրությունը» թեմայով: Այդտեղ նույնպես պետք է հաշվի նստել իրողությունների հետ՝ համացանցը միջոց է, որով կարելի է փոխանցել թե՛ իսկական եւ թե՛ «ոչ իսկական» լրագրության «պրոդուկտներ»):
Իրավիճակը նոր է բոլորի, այդ թվում նաեւ քաղաքական գործիչների համար, անգամ 10 տարի առաջ այդպես չէր՝ պատգամավորը, նախարարը, վարչապետը կարող էին թաքնվել իրենց մեքենաներում, առանձնասենյակներում ու դղյակներում եւ ժամանակ առ ժամանակ տալ «ստերիլիզացված» ասուլիսներ: Բայց հիմա նրանց ամեն մի քայլը այդ, պայմանականորեն ասած, 25 հոգանոց «բրիգադի» վերահսկողության տակ է: Շմայսն ու Թոխմախը վերջնականապես վարկաբեկվեցին՝ լրատվամիջոցների հետ իրենց շփվելու անկարողությունից: ՍԱՍ-ի Արտակը եւ նմանատիպ «պերսոնաժները» երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ ընդհանրապես չգալ Ազգային ժողով, կա՛մ խայտառակ լինել ամեն մի շփումից: Ոստիկանապետը նույնպես 2-3 րոպե է դիմանում այդ փորձությանը, իսկ հետո անցնում ոստիկանական բառապաշարի:
Վարչապետն էլ չի դիմանում՝ նյարդայնանում է, փրփրում է ու սկսում է զայրացած արձագանքել հարցերին: Այդ վարքագիծը սխալ է եւ գալիս է քաղաքական անփորձությունից: Ես պնդում եմ, որ ժամանակակից քաղաքական գործչի հիմնական հատկանիշները պետք է լինեն սառնասրտությունը եւ համբերատարությունը: Այդ հատկությունները մարդուն ի ծնե չեն տրվում, դրանց հնարավոր է հասնել ինքնադաստիարակման միջոցով: Միայն թե քաղաքական գործիչը չպիտի մտածի՝ «ինչո՞ւ ես պետք է ինքնադաստիարակվեմ ինչ-որ աղջիկների պատճառով»: Այդ աղջիկներն ունեն հազարավոր ընթերցողներ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ