«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանի կարծիքով` ԱՄՆ-ը Հարավային Կովկասում առավել ակտիվ չի գործի, իսկ դա որոշակի վտանգ է առաջացնում:
– Հայաստանում ոգեւորություն կա այն փաստի շուրջ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերջապես ստանձնեց Հայաստանի ներկայացուցիչը` Յուրի Խաչատուրովը: Տիգրան Սարգսյանն էլ Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահն է: Հայաստանի համար դրակա՞ն են այս պաշտոնները: Մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ ՀՀ անվտանգության հարցերում:
– Որքան Տիգրան Սարգսյանի Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ լինելուց դրական ազդեցություն եղավ, նույնքան էլ Յուրի Խաչատուրովի նոր պաշտոնից: Այսինքն` ոչ մի օգուտ: Այն, որ Խաչատուրովի նշանակումը տեղի ունեցավ, պարզապես նշանակում է, որ Ռուսաստանը մյուս «դաշնակիցների» հետ վիճելի հարցերը կարգավորել է: Յուրի Խաչատուրովն էլ ենթարկվելու է «դաշնակիցների», առաջին հերթին, իհարկե, Մոսկվայի քմահաճույքներին, նրա Հայաստանի քաղաքացի լինելը կապ չունի:
– Հայաստանն ու ԵՄ-ն ԱԺ ընտրություններից առաջ նախաստորագրեցին երկկողմ հարաբերության նոր համաձայնագիրը: Նախ` ի՞նչ եք կարծում` Հայաստանը կգնա՞ մինչեւ վերջ, կստորագրի՞ փաստաթուղթը, Մոսկվան այս անգամ դեմ չի՞ լինի ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի ստորագրմանը: Եվ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի բարեհաջող ստորագրումից հետո Հայաստանը կսկսի բանակցություններ վարել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Հնարավո՞ր եք համարում դա։
– Խելամիտ չեմ համարում լավատեսություն հայտնել մինչ համաձայնագրի ստորագրումը, իսկ այնուհետեւ` վավերացումը. կապրենք, կտեսնենք: Ի վերջո, 2013թ. սեպտեմբերի 3-ին տեղի ունեցածն, ըստ էության, ոչ ոք չէր կանխատեսում: Այժմ էլ հայտնի չէ` Վլադիմիր Պուտինի խելքին ինչ կփչի, նա ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր սրացման կգնա՞ արդյոք` իր վասալին եւս ստիպելով համապատասխանաբար գործել, թե՞ ոչ:
Ֆրանսիական եւ գերմանական ընտրությունների արդյունքները, տնտեսական իրավիճակը, վերջինիս պատճառով Ռուսաստանում սոցիալական բողոքի հնարավոր գործողությունները, տարբեր այլ գործոններ կարող են ազդեցություն ունենալ: Բայց համաձայնագրի ստորագրումից հետո, եթե այն տեղի ունենա, վիզային ռեժիմի ազատականացման բանակցություններ սկսելը հնարավոր է:
– ԱՄՆ նոր նախագահի ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց պարզվեց, որ ՌԴ-ԱՄՆ փոխհարաբերությունների ջերմացում ակնկալելը միամտություն էր: Ի՞նչ զարգացումներ կարելի է կանխատեսել ԱՄՆ-ՌԴ փոխհարաբերություններում` լարումը կխորանա՞, թե՞ կմեղմվի: ԱՄՆ-ի քաղաքականությունը մեր տարածաշրջանում ինչպե՞ս եք տեսնում, Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասը կթողնի՞ Ռուսաստանին:
– Կարծում եմ՝ կխորանա, մասնավորապես որովհետեւ Վլադիմիր Պուտինի հույսերը չարդարացան. ազդեցության գոտիների բաժանում` Ուկրաինայում եւ այլուր, չպետք է տեղի ունենա: Բայց առայժմ երեւի ԱՄՆ-ը Հարավային Կովկասում առավել ակտիվ չի գործի, իսկ դա որոշակի վտանգ է առաջացնում այն առումով, որ Պուտինը կարող է գնալ հերթական արկածախնդրության, թեկուզ պատերազմ հրահրելուն` թե ներքին խնդիրներ լուծելու համար, թե Արեւմուտքին իր հետ բանակցել ստիպելու համար, նույն կերպ, ինչպես նա վարվեց Սիրիայում՝ միջամտելով:
– Թուրքիայում Սահմանադրական հանրաքվե տեղի ունեցավ, շատերը աշխարհիկ Թուրքիայի ավարտ արձանագրեցին: Թուրքիայում քաղաքական փոփոխությունների գործընթաց է, թերեւս նաեւ արտաքին քաղաքական կողմնորոշումների ճշգրտման փուլ, այս գործընթացներն ի՞նչ ազդեցություն կունենան Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության, հարեւան պետությունների հետ հարաբերությունների վրա, մասնավորապես` ՌԴ-ի հետ:
– Թուրքիան, ենթադրաբար, կփորձի մեծացնել իր ազդեցությունը որպես տարածաշրջանային տերություն: Միաժամանակ, Ռեջեփ Էրդողանից իր իշխանությունն ամրապնդելու, կողմնակիցներին մոբիլիզացնելու, ընդդիմախոսներին («ներքին թշնամուն») լռեցնելու համար կպահանջվեն մի կողմից ձեռքբերումներ (օրինակ՝ Սիրիայում ամրապնդվելու, միաժամանակ քրդերի առաջխաղացումը կանխելու միջոցով), մյուս կողմից` արտաքին թշնամի, որի դերը միայն Ֆեթուլլահ Գյուլենին վերապահելն այլեւս բավարար չէ: Ռուսաստանն ու Թուրքիան իրար ավելի նման են դառնալու, քանի որ «ինքնիշխան ժողովրդավարության» ռեժիմների պայմաններում ունեն ընդհանուր թշնամի` տվյալ մոդելի քննադատներին՝ մասնավորապես, ի դեմս ԵՄ-ի: Թե ռուսական, թե թուրքական ռեժիմի գոյատեւման համար ներքին թշնամիների («հինգերորդ շարասյան», «ազգի դավաճանների», «օտարերկրյա գործակալների») եւ արտաքին թշնամիների առկայությունը չափազանց կարեւոր է: Թուրքիան ու Ռուսաստանը կարող են գնալ հետագա մերձեցման` լինելով բնական դաշնակիցներ ժողովրդավարության եւ մոդեռնիզացիայի դեմ:
– Թեհրանում վերջերս կայացել էին Իրանի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները: Պաշտոնական այցով Թեհրան ժամանած Զաքիր Հասանովի հետ հանդիպման ընթացքում Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարար Հոսեյն Դեհղանը ուշագրավ հայտարարություն արեց՝ կոչ անելով հայկական եւ ադրբեջանական կողմերին հասնել հիմնախնդրի լուծմանը խաղաղ ճանապարհով եւ անել դա «առանց երրորդ կողմի միջամտության»: Իրանի վերջին շրջանի ակտիվությունն ինչո՞վ եք բացատրում:
– Իրանն ունի որոշակի նախագծեր` դեպի Սեւ ծով տրանսպորտային միջանցքը, որի վերաբերյալ քննարկումներ են ընթանում, դրանցից մեկն է միայն: Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, բնականաբար, չի նպաստում այդ նախագծերի իրականացմանը: Ավելին, ռազմական գործողությունները, որոնց հավանականությունը մնում է բարձր, մեծ հավանականությամբ կարող են հիմք հանդիսանալ երրորդ ուժի «խաղաղարար» գործողության եւ տարածաշրջանի նկատմամբ կատարյալ վերահսկողություն հաստատելու համար: Մյուս կողմից՝ Ադրբեջանը մեկ այլ երրորդ ուժի` Թուրքիայի ներգրավվածության աստիճանն է շարունակաբար փորձում մեծացնել, իսկ նրա հետ համատեղ նաեւ իսլամական գործոնն օգտագործել: Նման փորձերը սպառնում են նաեւ Իրանի ռազմավարական շահերին, եւ քանի որ հիմնախնդրի վերջնական լուծումն առայժմ իրատեսական չէ, պաշտոնական Թեհրանը հասկացնում է, որ ակնկալում է գոնե ստատուս քվոյի պահպանում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 10.05.2017