Վերհիշում է Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ, ներկայումս Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:
– Պարոն Առուշանյան, Շուշիի ազատագրումից եւ Լաչինի (Բերձորի) միջանցքի բացումից 25 տարի է անցել։ Արդյո՞ք ամեն ինչ հարթ ու սահուն էր այն ծանր տարիներին, դեռեւս նոր-նոր ձեւավորված հայկական բանակի զինվորն արդյո՞ք իր թիկունքում զգում էր քաղաքական գործիչներիդ ու դիվանագետներիդ հաստատակամությունն ու անկոտրում կամքը, ճնշումներ չկայի՞ն, ինչպես, օրինակ, օրերս Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» ծրագիրը։
– Իհարկե, կային։ Ոչ միայն արտաքին ճնշումներ կային, այլեւ ներքին շատ ուժեղ ճնշումներ, բայց մենք կարողացանք ոչ միայն դիմագրավել, այլեւ այնպիսի պայմաններ ստեղծել, որ մինչեւ 1994թ. մայիս մեր նորաստեղծ բանակը հակառակորդից ազատագրել էր նախկին ԼՂԻՄ-ի տարածքի չափ շրջաններ։
– Ներկայացրեք խնդրում եմ նման տրամադրությունների կամ նորանկախ Արցախի Հանրապետության ձեւավորված իշխանություններին, դիվանագետներին պայմաններ թելադրելու մի օրինակ։
– Ինչպես գիտեք, 1992թ. գարնանը ձեւավորվել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այդ տարիներին Արցախը խորհրդարանական հանրապետություն էր, բայց արդեն ձեւավորվել էր կառավարություն, եւ ես Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ էի ընտրվել, միաժամանակ Արցախի ԳԽ պատգամավոր էի։ Արդեն խոսակցություն կար, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջիկա հանդիպմանը ոչ հայանպաստ որոշում է կայացվելու, այդ իսկ պատճառով Գերագույն խորհրդի նախագահությունը լիովին դեմ էր Հռոմ պատվիրակություն ուղարկելուն։ Այնուամենայնիվ, նույն թվականի հունիսի վերջերին որոշվեց պատվիրակություն ուղարկել՝ մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային աշխատանքներին։ Երեք հոգուց բաղկացած պատվիրակության ղեկավարը ես էի։ Մյուս երկու անդամներն էին՝ Ռոբերտ Քոչարյանը, որ Սերժ Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի հետ վերահսկում էր պաշտպանության ոլորտը, այդ թվում՝ զինվորական ջոկատների ձեւավորման ու տեղաբաշխման խնդիրները, եւ ԳԽ նախագահության անդամ Հրանտ Խաչատրյանը։ Մինչեւ Հռոմ մեկնելն ինձ ընդունել է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
«Իրավիճակը կրիտիկական է, մեզ մեղադրում են ագրեսիայի մեջ եւ ուզում են սանկցիաներ կիրառել Հայաստանի դեմ,- ասաց նա: – Խնդրում եմ այնտեղ հնարավորինս զիջողական լինես եւ թղթեր ստորագրես…» ։ Նրան պատասխանեցի՝ քանի դեռ բոլոր հարցերում պարզություն չի լինի, քանի դեռ ներքին համոզվածություն չեմ ունենա, որ դրանք չեն հակասում Արցախի շահերին, չեմ խոստանում որեւէ փաստաթուղթ ստորագրել։ Եթե իմ դիրքորոշումը ձեզ չի բավարարում, ես կարող եմ հրաժարվել Հռոմ մեկնելուց: «Չէ, չէ, Բորիս, գնա, կտեսնենք ինչն ինչոց է։ Ուղղակի նկատի ունեցիր իմ կարծիքը՝ պետք է զիջողական լինել…»։ Հուլիսի 3-ին հասանք Հռոմ եւ հաջորդ օրը լսեցինք, որ հակառակորդը գրավել է Մարտակերտը։ Դա ավելի դժվարին դարձրեց մեր դրությունը բանակցությունների ժամանակ, որովհետեւ դեռեւս մինչեւ Մարտակերտի անկումը, Արցախի 30 տոկոսն արդեն գրավված էր թշնամու կողմից ու վիճակը, փաստորեն, օրհասական էր։ Հռոմում մենք նախ հանդիպեցինք հայաստանյան պատվիրակության հետ՝ պարզելու, թե վերջին 2 ամսում նրանք ինչ են ձեռնարկել, ինչպես են ընթանում բանակցությունները եւ ինչ է քննարկվելու բանակցության ընթացքում։
Մի խոսքով, որ պարզենք մեր անելիքը։ Հայաստանի պատվիրակության կազմում չորս հոգի էին՝ պատվիրակության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Սուրեն Զոլյանը, Խաչատուր Բեզիրջյանը եւ Մաթեւոս Տեր-Մանվելյանը՝ Բոստոնից։ Համատեղ հայտարարություն էինք պատրաստել՝ հակառակորդի կողմից Մարտակերտի գրավման կապակցությամբ, որը քննարկեցինք հայաստանյան պատվիրակության հետ ու որոշ խմբագրական աշխատանքներ կատարեցինք։ Իսկ նրանք ասացին, որ բանակցություններում նախատեսվում է քննարկել նաեւ Շուշիից եւ Լաչինից հայկական զինուժի դուրսբերման ժամանակացույցը։ Մնացել էինք ապշած։ Մեր լսածին չէինք հավատում։ Ինչպե՞ս թե… Մեզ մոտ Արցախում հազիվ թե որեւէ մեկի մտքով անցներ, որ այստեղ այդպիսի փաստաթղթեր պիտի քննարկվեն։
– Մինչ այդ ձեզ չէի՞ն տեղեկացրել, որ այդպիսի փաստաթղթեր պիտի քննարկվեն։
– Ոչ։ Գոնե ես՝ պատվիրակության ղեկավարս, երբեք չէի լսել նման ժամանակացույցի, Շուշին ու Լաչինը տալու մասին։ Չնայած ընկերներս հորդորում էին ինձ հանգիստ լինել, բայց ես հազիվ ինձ զսպելով, բղավեցի՝ «Թուրքերը Ստեփանակերտից ընդամենը 15 կմ-ի վրա են, Ասկերանում կատաղի մարտեր են ընթանում, իսկ դուք այստեղ Շուշին ու Լաչինը տալու հարցե՞ր եք քննարկում։ Մեզ կրկին փորձում եք շրջափակման օղակի մեջ մտցնե՞լ։ Այսուհետ ինչպե՞ս պիտի պայքարենք։ Խելքներդ թռցրե՞լ եք…»։ Նրանք սկսեցին արդարանալ՝ իրավիճակն է այդպիսին, մենք, իհարկե, անմիջապես չենք համաձայնի, կվիճենք, քննարկելը դեռեւս չի նշանակում համաձայնել եւ այլն։ «Այդպիսի հարցեր ընդհանրապես չպիտի քննարկվեն,- ասացի,- դա արդեն պարտություն է։ Այն, որ դուք ուզում եք այստեղ այդպիսի հարցեր քննարկել, դա արդեն վատ է, շատ վատ է»։
Իսկ դու ի՞նչ ես առաջարկում՝ հարցրին։ «Վաղը կհայտնեք, որ եկել է Արցախի պատվիրակությունը եւ թող իրենք ներկայացնեն իրենց դիրքորոշումը։ Մենք կառաջարկենք դեն նետել նախկին բոլոր առաջարկները եւ ամեն ինչ սկսել մաքուր թղթից։ Եվ քանի դեռ ռազմական գործողություններ են ընթանում, ոչ մի ժամանակացույցի մասին խոսք լինել չի կարող։ Ադրբեջանը նախապայմաններ էր դրել. արցախցիները պետք է ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բանակը դուրս բերեն Շուշիից եւ Լաչինից, որպեսզի իրենք դադարեցնեն ռազմագործողությունները։ Իսկ մեր խնդիրը հետեւյալն էր՝ հրաժարվել մեր զինուժի դուրսբերման ժամանակացույցից, մեր պատվիրակությունը պետք է ունենա Ադրբեջանի պատվիրակությանը հավասար կարգավիճակ եւ ընդհանրապես բոլոր հարցերը պետք է քննարկվեն ոչ թե առանձին-առանձին, այլ նույն ընդհանուր փաթեթում, որտեղ առաջինը պետք է լինի հակամարտության հիմնական պատճառի՝ ԼՂՀ կարգավիճակի հարցը»։
– Պարոն Առուշանյան, ՀՀ պատվիրակությունն ինչպե՞ս ընդունեց Ձեր անհամաձայնությունը։
– Անկեղծ ասած, ես շատ բորբոքված էի, եւ մեր պատվիրակությունը շատ վատ ընդունեց Շուշիի եւ Լաչինի վերաբերյալ հարցն օրակարգ մտցնելը։ Հայաստանյան պատվիրակությունը հակաճառեց, թե Ադրբեջանը չի համաձայնելու մեր ներկայացրած պահանջներին։ Ես էլ պատասխանեցի, որ այդ դեպքում մենք չենք մասնակցի բանակցություններին։ Ասացի՝ նիստի սկզբում հանդես կգանք հայտարարությամբ։ Եթե մեր պահանջներն ընդունվեն, կմասնակցենք քննարկումներին։ Հակառակ դեպքում՝ կվերադառնանք։ Մեր այդ փաստարկներից հետո հայաստանյան պատվիրակության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանը խոստացավ հանդիպման ժամանակ պաշտպանել մեր դիրքորոշումը։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մեր ամենահիմնական հաղթանակն այն եղավ, որ քննարկումից հանվեց Շուշիից ու Լաչինից հայկական զինուժի դուրս բերումը, ապա քննարկման դրվեց մեր պատվիրակության կարգավիճակի հարցը։ Հետագայում մենք նոր պահանջներ առաջադրեցինք, որոնցից մեկն այն էր, որ Թուրքիան չի կարող ունենալ միջնորդի կարգավիճակ, քանի որ ունի միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշում։
– Այսինքն՝ այդ ծանր տարիներին անգամ, երբ Արցախի տարածքի շուրջ 30 տոկոսը զավթված էր թշնամու կողմից, բանակցություններում Դուք ոչ միայն դիմագրավում էիք հակառակորդի հիստերիային ու ճնշմանը, այլեւ պայմաննե՞ր էիք թելադրում:
– Այո, մինչեւ 1994թ. մայիսի 12-ին Բիշքեկում ստորագրված, մեր կողմից ոչ մի նախապայման չառաջադրող համաձայնագիրը, դիվանագիտական դաշտում մենք երբեք ետ չենք կանգնել մեր սկզբունքներից եւ դիրքորոշումից։ Բիշքեկում հրադադարի համաձայնագիր ստորագրելուց առաջ մարտադաշտը խուճապահար լքող եւ հրադադար աղերսող հակառակորդի առջեւ մենք նախապայման պիտի դնեինք՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Կամ մինչ այդ չպիտի դադարեցնեինք մեր առաջխաղացումը, պիտի շարժվեինք մինչեւ Քուռ՝ Ադրբեջանին զրկելով հետագայում տնտեսապես զարգանալու հնարավորությունից։ Բայց, ցավոք, հակառակը կատարվեց. Ադրբեջանին ոչինչ չպարտավորեցնող Բիշքեկի համաձայնագիրը հնարավորություն տվեց Ադրբեջանին նավթադոլարների հաշվին ոչ միայն հզորացնելու տնտեսությունը, բանակը, այլեւ արցախա-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով պարբերաբար հրադադար խախտելու՝ դրանից բխող մեզ համար ողբերգական հետեւանքներով։
– Պարոն Առուշանյան, ստացվում է, որ «Խաղաղություն՝ տարածքների դիմաց»-ը նոր չէ, նախկինում էլ այն կար՝ այլ դրսեւորումներով։
– Այո, մեր դիվանագիտության մեջ այն միշտ էլ կար: Ուղղակի, եթե մենք այն տարիներին հաստատակամ չլինեինք, լուռ համաձայնեինք արտաքին ու ներքին առաջարկություններին, պարտադրանքներին, ապա այսօր հազիվ թե ունենայինք այն, ինչ ունենք։
– Իսկ ի՞նչ եք կարծում, այսօր հայկական կողմը կարո՞ղ է գնալ միակողմանի տարածքային զիջումների։ Թեկուզ՝ կարգավիճակի դիմաց։
– Չեմ կարծում։ Մենք չենք կարող նման ճակատագրական սխալ թույլ տալ, որն անկասկած մեզ համար ողբերգական հետեւանքներ կունենա։ Անցած տարիները ցույց տվեցին, որ Ադրբեջանի ղեկավարությունը գործում է Թուրքիայի հետ համաձայնեցված ռազմավարությամբ։ Իսկ այն, ըստ իս, հետեւյալն է՝ թույլ չտալ, որ Հայաստանը հզորանա, որպեսզի Հայաստանը հետագայում հնարավորություն չունենա տարածքային պահանջներ ներկայացնելու։ Ուրեմն՝ մենք պետք է ունենանք անվտանգության երաշխիքների եռաստիճան համակարգ, որի առաջին աստիճանը ընդգրկում է նաեւ անվտանգության գոտին։ Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ մեզնից որեւէ տարածք ստանալով, Ադրբեջանը կարճ ժամանակ հետո կրկին պատերազմ չի սանձազերծելու։ Տարածաշրջանային անվտանգության մակարդակի առումով նույնպես մեր օգտին ոչինչ չկա։ Վերեւում արդեն ակնարկեցի Թուրքիայի մասին։ Միջազգային անվտանգության առումով եւս ոչ մի երաշխիք չկա, որ տարածք տալով, նոր ագրեսիայի զոհ չենք դառնալու։ Միայն Արցախի կարգավիճակի հարցի լուծումից, հզոր հայկական պետություն ստեղծելուց հետո կարելի է բանակցել տարածքային եւ այլ կարգի փոխզիջումների մասին։ Կրկնում եմ՝ փոխզիջումների, այլ ոչ թե զիջումների։
– Մենք ի՞նչ կարող ենք որպես նախապայման ապրիլից հետո մեր բանակցությունների սեղանին դնել:
– Ապրիլից հետո մենք՝ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն, որպես գլխավոր պայման բանակցությունների սեղանին պետք է դնենք հետեւյալ նախազգուշացումը՝ եթե Ադրբեջանը շարունակի սահմանային բախումների քաղաքականությունը, ապա ՀՀ-ն ճանաչելու է Արցախի անկախությունը։ Մեր հիմնական պայմաններից մեկը պետք է լինի զինադադարի ռեժիմի խստիվ պահպանման, վերահսկողության եւ վստահության մթնոլորտի ձեւավորման հարցի քննարկումը։ Մյուս պայմանը՝ Արցախի անկախությունը պետք է ճանաչվի Ադրբեջանի ու եռանախագահ պետությունների կողմից։ Ու վերջապես՝ առանց Արցախի պատվիրակության մասնակցության, Հայաստանը հրաժարվելու է մասնակցել բանակցային գործընթացին։
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
10.05.2017