Լրահոս
Օրվա լրահոսը

«Վճռաբեկ դատարանը կազմաքանդում է դատական համակարգը». Տիգրան Հայրապետյան

Մայիս 10,2017 22:50

«Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանի պաշտպան փաստաբան Տիգրան Հայրապետյանը դժգոհում է Վճռաբեկ դատարանի աշխատանքից` այս դատարանի գործելաոճը համարելով կազմաքանդող:

«Վճռաբեկ դատարանն ամբողջովին արհամարհել է մեր դատական համակարգը, շարունակում է  արհամարհել, հիշեցնեմ` մի քանի տարի առաջ ՄԻՊ-ը Վճռաբեկ դատարանի հանցավոր գործունեության հետ կապված զեկույց էր հրապարակել` մանրամասն նշելով, թե ինչպես է Վճռաբեկ դատարանն իր դատավորների միջոցով ազդեցություն ունենում ամբողջ դատական համակարգի վրա, արձանագրել էր նաեւ, որ Վճռաբեկ դատարանի ամեն դատավոր իր ձեռքի տակ ուներ առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանի բազմաթիվ դատավորներ, որոնց աշխատանքը համակարգում էին: ՄԻՊ-ի զեկույցից հետո  որեւէ բան չփոխվեց, որեւէ մեկը քրեական պատասխանատվության չենթարկվեց, բայց այսպես չի կարող շարունակվել:

Եվրոպացի մեր գործընկերները, որոնք շահագրգռված են Հայաստանում ներդրում անել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որ եվրոպական իրավունքը ներդրվի Հայաստանում ու դրա համար բավականին մեծ գումարներ են ծախսում`Վճռաբեկ դատարանի դատավորներին վերապատրաստելու համար, բազմաթիվ գրքեր են հրապարակվում, բայց մեր Վճռաբեկ դատարանն իր կազմաքանդող գործունեությամբ կարողանում է  մեր եվրոպացի գործընկերների վրա դրական տպավորություն թողնել` իբրեւ թե եվրոպական կոնվենցիայի բարեփոխումները մտցնում է Հայաստան ու ստանում եվրոպական կառույցների հավանությունը, որոնք էլ նախագահի ու մյուս պաշտոնյաների հետ զրույցներում պաշտպանում են Վճռաբեկ դատարանին: Վճռաբեկ դատարանը եւ կազմաքանդում է  ու անհիմն դատական ակտեր է  կայացնում, եւ կարողանում է  ինչ-որ ձեւով համոզել մեր եվրոպացի գործընկերներին` մարդու իրավունքների պաշտպանության որոշումները ներդրվում են Հայաստանում, մինչդեռ հակառակը` ցանկացած իրավիճակի համար Վճռաբեկ դատարանը որոշում ունի»,-ասաց փաստաբան Հայրապետյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031