Սանկտ-Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դասախոս Կոնստանտին Կոնստանտինովին, եթե մինչ օրս հարցնեին, թե որտեղ է գտնվում դրախտը, հավանաբար, կպատասխաներ Կրասնոդար: Իր առաջին այցով իսկ նա համոզվեց, որ այն միանշանակ Հայաստանում է:
Շուրջ տաս տարի Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան և Սանկտ-Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիան շարունակում են իրենց համագործակցությունը և պարբերաբար փոխանակվում ձեռք բերված փորձով: Մինչ այսօր միայն ուսանողներն են հնարավորություն ունեցել մեկնել մյուս կրթօջախ, և ուսումը շարունակել այնտեղ (իհարկե ավելի շատ հայ ուսանողներ են մեկնում, քան Շտիգլիցի ակադեմիայի ուսանողներն են գալիս). ապա այսօր առաջին անգամ փորձի փոխանակումը տեղի ունեցավ դասախոսների միջև: Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայից Հայաստան էին ժամանել դասախոսներ Լևոն Բեյբությանը, Կոնստանտին Կոնստանտինովը և Օլգա Վեսելովան:
Մեկուկես ամիս գտնվելով Հայաստանում՝ հյուրերը հնարավորություն են ունեցել շրջագայել ամբողջ երկրով և այսօր էլ ԵԳՊԱ-ի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ նրանց «Հայաստանը մեր աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
Կոնստանտին Կոնստանտինովը առաջին անգամ էր Հայաստանում, և այստեղ նրան շատ բան էր գրավել. «Ճակատագրի բերումով հենց ես եկա Հայաստան: Չգիտեի, թե ուր եմ գալիս և այստեղ ինձ ինչ է սպասվում: Այսօր ես հիացած եմ: Մարդիկ, ուսանողները՝ այստեղ ամեն բան ուրիշ է: Գարնան այս շրջանում՝ երբ ծաղկում է բնությունը, Հայաստանում շատ բան կա տեսնելու. ծառերը իրենց հրաշքներով մեկը մյուսին հաջորդում են, հենց այստեղ ես գտա իմ երազանքների ծաղկած կակաչների դաշտը: Այսօր ես համոզվեցի, որ դրախտը հենց այստեղ է»:
Ագապի ԽԱԼԱԹՅԱՆ