Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի քաղաքապետը՝ գյուղմթերքների փողոցային առեւտրի մասին

Մայիս 10,2017 20:20

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մայիսի 10-ին Իջեւանի շուկայի մոտ, ի նշան բողոքի, միջպետական ավտոճանապարհը փակած մարդկանց՝ Իջեւանում գյուղմթերքների փողոցային առեւտուրը թույլատրելու պահանջի մասին ասաց. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված են բացօթյա առեւտրին ներկայացվող պահանջները, ըստ որի բացօթյա առեւտուր կարող են իրականացնել օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր:

Ըստ այդ հոդվածի 2-րդ կետի՝ թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների,ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում՝ հանքային, հյութերի, զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առեւտուրը: Բացօթյա առեւտուր իրականացնողները պետք է պայմաններ ապահովեն վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը եւ որակը ապահովելու համար, վաճառվող ապրանքների արկղերը պետք է դրվեն վաճառասեղանների վրա, արգելվում է արկղերը դնել անմիջապես գետնին, մայթին, սալահատակին»:

Քաղաքապետն ասաց, որ ըստ օրենքի պահանջների՝ քաղաքապետարանը չի կարող թույլատրել Իջեւանում մրգերի եւ բանջարեղենի փողոցային, անօրինական առեւտուրը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169 հոդվածի 16-րդ կետով առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելու համար սահմանված է վարչական տուգանք:

Նա ասաց, որ փողոցային առեւտուրը խանգարում է զբոսաշրջությանը, զբոսաշրջիկը Իջեւանում բացօթյա, հակահիգիենիկ պայմաններում առեւտուր տեսնելով՝ լուսանկարում, սոցիալական ցանցերում տեղադրում է:

Վ. Ղալումյանը հայտնեց, որ փողոցներում մթերքներ վաճառողները տարիներ շարունակ գնացել են քաղաքապետարան, խնդրել, որ իրենց թույլ տան բացօթյա առեւտուր կատարել, քաղաքապետարանում նրանց առաջարկել են իրավիճակից ելք գտնել, քաղաքակիրթ առեւտուր կատարել խանութներում կամ քաղաքի շուկայում: Քաղաքապետարանը դրա համար նրանց ժամանակ է տվել, նախազգուշացրել փողոցային առեւտրի անթույլատրելիության մասին, վերջին նախազգուշացումը 2 ամիս առաջ է արվել:

Քաղաքապետի վկայությամբ՝ խանութներում, Իջեւանի շուկայում գյուղմթերքներ վաճառողները հարկ են վճարում, շուկայում՝ նաեւ տեղի վարձ, իսկ փողոցներում մթերքներ վաճառողները  հարկային դաշտում չեն, տարածք զբաղեցնելու, էլեկտրաէներգիայի վարձ չեն մուծում, վաճառողների անհավասար մրցակցություն է ստացվում:

Վ. Ղալումյանն ասաց, որ փողոցներում մթերքներ իրացնողները մի քանի տասնյակ հոգի են, մարզկենտրոն Իջեւանը 20 հազար բնակիչ ունի, քաղաք հազարավոր մարդիկ են այցելում, փողոցներում գետնին թափված մթերքները խանգարում են մարդկանց անցուդարձին:

Քաղաքապետի վկայությամբ՝ մարդիկ կան, ովքեր փողոցում ավտոմեքենաներից մեծ քանակությամբ մթերք են վաճառում, սակայն ասում են, որ քաղաքային շուկայում տեղ զբաղեցնելու համար իրենք փող չունեն, վարկերի տակ են:

Նա հայտնեց, որ Իջեւանի շուկայի տնօրինությունը սինդրիկ, ծնեբեկ վաճառողներին,ովքեր շուկայում տարածքի վարձի փող չունեն, պատրաստ է նրանց անվճար տարածք հատկացնել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031