ՀՀԿ ավագանու թեկնածուները քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այսօր հանդիպեցին Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ:
Ավագանու թեկնածու Հովհաննես Թոքմաջյանի խոսքով, Տարոն Մարգարյանն այն մարդն է, որ Երեւանի բոլոր խնդիրներն ունի իր ուղեղում գծած ու ծրագրերում նշած. «Ես չորս տարի եղել եմ Տարոն Մարգարյանի կողքին ու շատ մեծ ուրախությամբ նրա կողքին գնում եմ ընտրությունների, որոնք հնարավորություն կտան եւս հինգ տարի ղեկավարել Երեւանը»:
Աննա Հակոբյանն էլ խոսեց իր համար կարեւոր ոլորտների մասին՝ կրթության, սպորտի ու մշակույթի մասին. «Կարեւոր է, որ երիտասարդներս զինված լինենք մրցունակ կրթությամբ, իսկ մրցունակ կրթություն կարող ենք ստանալ նախադպրոցական հաստատության աթոռից սկսած: Այս ամենը հաշվի է առնվում գործող քաղաքապետի թիմի կողմից: Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվել հենց այդ ոլորտներին, մեծ ձեռքբերում է համարում, որ Երեւանում գործող նախադպրոցական հաստատությունները անվճար հիմունքով են գործում, մոտ 33000 երեխա անվճար կրթություն է ստանում, դա շոշափելի ու ակնհայտ փոփոխություն է, եկեք՝ տեսնենք ու գնահատենք, փորձենք աջակից լինել»:
Ըստ նրա, մշակութային կրթօջախները՝ գրադարանները, տարբեր ծրագրերում ներգրավված լինելով, պարբերաբար հագենում են գույքով, նորոգվում են, սպորտի ոլորտում էլ նա ձեռքբերում համարեց գեղասահքի նոր ու ժամանակակից դպրոցի կառուցումը, շախմատի դպրոցների կառուցումը, որոնք, ըստ նրա, անվճար հիմունքով են գործում:
Քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն էլ ասաց, որ Երեւանում դեռ բազմաթիվ խնդիրներ կան, իրենք լսել են ժողովրդի բարձրաձայնած խնդիրները, ներառել իրենց նախընտրական ծրագրում հանուն Երեւանի:
Նա կրկին հիշեց ճգնաժամի մեջ հայտնված տրանսպորտի խնդիրը, բնակֆոնդի պահպանության հարցը, համատիրությունների ոչ նորմալ կազմակերպվող աշխատանքը, ասաց՝ մշակել են օրենսդրական նախաձեռնություն, կառավարման մոդելն են փոխելու, կունենանք նորմալ կառավարիչներ՝ նորմալ կառավարման մոդելով: Տարոն Մարգարյանի խոսքով, իրենք չեն եկել խոստումներով, այլ իրատեսական ծրագրով եւ վերջում անդրադառնալով վթարային շենքերի խնդրին՝ ասաց, որ մոտ 650 ընտանիքի ապահովել են նոր բնակարաններով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ