Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը մինչ օրս Թուրքիայից գնել է 130 մլն դոլարի ռազմական հումք և պահեստամասեր: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Յավեր Ջամալովը Ստամբուլում անցկացվող İDEF-2017 պաշտպանական արդյունաբերության 13-րդ միջազգային ցուցահանդեսին:
Ջամալովի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան սերտ համագործակցում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
«Ինչպես ձեզ հայտնի է, երկու պետությունների միջև գործում է ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ, երկու երկրների ուժային կառույցների մասնակցությամբ տարվում է ռազմական երկխոսություն, նիստերին մասնակցում է պաշտպանական արդյունաբերության նախարարությունը»,- ասել է Ջամալովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը թուրքական մասնավոր ընկերությունների հետ արտադրում է 4 տեսակի ատրճանակ, այդ թվում ՄՊ-5 ատրճանակ-գնդացիրներ, բացի այդ, նախատեսվում է գիշերային տեսանելիության օպտիկական սարքերի արտադրություն:
Ցուցահանդեսը բացվել է մայիսի 9-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ