Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյանը ՀՀ նախագահին առաջարկում է`զանգահարել Պուտինին

Մայիս 10,2017 18:45

«Բարեւ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ: Շնորհավորում եմ մայիսյան տոների կապակցությամբ: Մեր ժողովուրդները միասին կռվել են ֆաշիզմի դեմ, հաղթանակ են տարել… Բայց ես ուզում եմ անդրադառնալ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը…»,- սա այն տեքստն է, որ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն առաջարկում է`ՌԴ նախագահի հետ ՀՀ նախագահի զրույցի համար:

«Պուտինը կպատասխանի`ինչ-որ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանը`իրենք վետոյի իրավունք ունեն եւ այլն: Սերժ Սարգսյանը պետք է ասի`Վլադիմիր Վլադիմիրովիչ, պետք չէ նեղանալ մեզ վրա: Մենք դիմեցինք այլ երկրներին, որպեսզի մեզ պաշտպանեին Ադրբեջանի այդ քայլից, բայց իրենք ասում են`դուք միշտ ի օգուտ Ռուսաստանի եք քվեարկում միջազգային կառույցներում, մենք չենք կարող ձեզ օգնել, դիմեք ՌԴ-ին: Չնեղանաք, էլի, բայց մենք այլեւ չենք կարող Ղրիմի, Սիրայի հարցերում ձեզ օգնել: Ներողություն եմ խնդրում, ռազմավարական գործընկեր ենք, բայց սա է իրավիճակը»,- Aravot.am-ի հետ զրույցում շարունակեց մանրամասնել քաղաքագետն`անդրադառնալով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակմանը:

«Դուք կտեսնեք, որ Պուտինը կդիմի Ադրբեջանին, Լավրովին կասի`ոնց ե՞ք էդ մարդկանց հասցրել էս իրավիճակին, որ նման բաներ են մեզ ասում, ո՞նց չենք կարող ազդել Ադրբեջանի վրա»,- կարծում է քաղաքագետը`հավելելով, որ  ԵԱՀԿ-ում երկու կարեւոր երկրներ կան`ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն. «ԱՄՆ-ը լավ է, որ ափսոսանք հայտնեց, ՌԴ-ն էլ, եթե Ադրբեջանին ասի`ետ կանգնեք, դա խանգարում է նաեւ ԼՂՀ հարցում, նրանք չեն կարող չանել»:

Ի դեպ, քաղաքագետի պնդմամբ, Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցում ՀՀ նախագահը նաեւ պետք է ՌԴ նախագահին զգուշացնի` մեզ այլեւս չդիմեք`Ադրբեջանի հետ հանդիպելու համար: «ՌԴ-ն լրջագույն երկիր է, հետեւություններ կանեն»,- վստահ է Ստեփան Գրիգորյանը:

Ընդհանրապես, բոլոր գործընթացները`ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի փակում, Պերմյակովի գործ եւ այլն, քաղաքագետը դիտարկում է արցախյան հարցի համատեքստում. «Տարբեր հարթակներում Ադրբեջանն անում է ամեն ինչ`ընդդեմ Հայաստանի, լինի դա ռազմի դաշտում, դիվանագիտության կամ քաղաքական-հասարակական: Դա անում են հետեւողական: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման քայլը  ապակառուցողական եւ թշնամական է նաեւ ԵԱՀԿ-ի նկատմամբ, բայց անում են`իրենց շահից ելնելով: Սա ցավոք, միակ քայլը չի լինելու. մոտ ժամանակներ էլի նման դեպքերի մասին կլսենք: Սա արվում է Հայաստանի`միջազգային շրջափակման համար, քանի որ նման գրասենյակների փակումը նշանակում է ավելի քիչ միջազգային կապեր, եւ գումարներ`ծրագրեր իրականացնելու համար»:

Մեր զրուցակիցը նկատում է, որ միջազգային հանրության շրջանում արձագանք գտած «Խաղաղության պլատֆորմը», որը նախաձեռնել էր Ադրբեջանը, եվս լուրջ ճակատ էր: Մյուս ճակատը`Արցախի հանրապետությունում եղած մարդկանց սեւ ցուցակն է: Ըստ նրա, մենք թե քաղաքական, թե հասարակական մակարդակում դրան նշանակություն չենք տալիս, բայց իրականում, բավական լուրջ է: Լապշինի օրինակը ամենավառ ապացույցն է:

Նկատենք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման աղմուկն արդեն չորսուկես ամիս է կա: Քաղաքագետը տարակուսում է, որ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում մեր երկու պատվիրակներից եւ ոչ մեկն այդ հարցը որեւէ հարթակում չարծարծեց: «Այո, Ադրբեջանը ֆորմալ ունի վետտոյի իրավունք, բայց քաղաքական մթնոլորտ ստեղծելու համար, ասելու համար, որ Ադրբեջանի դիրքորոշումը ապակառուցողական է, հիմա էլ կարելի է հարցը բարձրացնել: 57 երկրից կազմված կառույց է ԵԱՀԿ-ն, չկա՞ մի փոքր երկիր, որը մեզ պաշտպանի, Ադրբեջանին դատապարտի: Եղան երկրներ, որոնք սեփական նախաձեռնությամբ ափսոսանք հայտնեցին, բայց մեր ԱԳՆ-ն չորսուկես ամսում չկարողացա՞վ կողմնակիցներ գտնել: Շատ երկրներ կան, որ կողմ են ԵԱՀԿ-ի ներսում բարեփոխումների, այդ համատեքստում հարցը դնեիք»,- ասում է քաղաքագետը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Տուն – տունիկ…

  2. vartan says:

    ցավոք սրտի կարծեք թէ մենք հայերս մինչեվ դանակը ոսկորին չհասնի ոչինչ չենք անում. հայաստանի քաղաքական վերնախավը զբաղված է իր առեվտրով եվ մի ավագանու ընտրությունը արդեն բեմադրության է վերածվել իսկ ինչպես միշտ արտգործնախարարը անհետացած է եվ երկրի նախագահը ոչ խոսքով եվ ոչ էլ քարոզչությամբ եվ ոչ էլ Արցախի շուրջ եղած խնդիրներով իր դիրքերում չէ .

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031