«ՀՀԿ-ի փորած ընտրակաշառքային փոսից ելք կա»,- այսօր Շենգավիթում քարոզարշավի ժամանակ ասում էր «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ բնակիչներին ներկայացնելով իրենց նոր առաջարկը՝ 15 հազար դրամ տալ այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառքից կհրաժարվեն եւ կընտրեն իրենց:
ԿԸՀ-ն քննարկում է «Ելքի» այդ առաջարկը եւ պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ԿԸՀ-ն որոշի, որ այդ առաջարկով իրենք խախտում են անում, ուրեմն ՀՀ-ում անցկացված բոլոր ընտրությունները պետք է չեղարկվեն, որովհետեւ բոլոր ընտրություններում էլ եղել են աշխատավարձերի խոստումներ, ուսման վարձերի խոստումներ:
Հարցին՝ այսօր ձեր մրցակից Զարուհի Փոստանջյանն ասել է, որ դա քրեորեն հետապնդելի արարք է, ի՞նչ կասեք՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ, յուրաքանչյուր իրավապահ քաղաքացի քրեորեն հետապնդելի արարքի մասին տեղեկանալուց հետո պետք է դիմի իրավապահ մարմիններին: Ես հույս ունեմ, որ Զարուհի Փոստանջյանն իր հայտարարության մեջ կլինի հետեւողական եւ կդիմի իրավապահ մարմիններին»:
Հարցին՝ դուք հույս ունեք, որ եթե նախորդ ընտրություններում մյուս թեկնածուներին չեն զրկել ընտրություններին մասնակցելուց, ձե՞զ էլ հիմա չեն զրկի այս խոստման համար՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ որեւէ իրավական հիմք չկա՝ իրենց գրանցումը չեղյալ համարելու:
Շենգավիթում Նիկոլ Փաշինյանը շրջում էր բակերում եւ «մինի սոցհարցում» անցկացնում, թե ում օգտին են պատրաստվում քվեարկել. «Օրինակ, 9-րդ հարկ, դուք քվեարկո՞ւմ եք «Ելք» դաշինքի օգտին, թե՞ չէ»: Բնակիչը պատասխանեց, որ այո, քվեարկելու է, իրենց կողմից է: Այսպես` հարկ առ հարկ Փաշինյանը ճշտեց եւ պարզվեց, որ բոլոր հարկերի բնակիչներն էլ «Ելքի» օգտին են պատրաստվում քվեարկել. «ժողովուրդ ջան, Ահարոն Ադիբեկլյանը որտե՞ղ է իր սոցհարցումներն անում, մի հատ բացատրեք»,- հեգնեց Փաշինյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ