Այս մասին այսօր Շիրակի մարզի դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հետ հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Անուշ Մնացականյանը։ Տնօրենների հետ հանդիպումը կազմակերպել էր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը։
Անուշ Մնացականյանը ներկաներին հորդորեց ուշադիր լինել ձեռք բերվող սննդամթերքի անվտանգության հարցում։ «Մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ տարբեր, բազմաթիվ դպրոցներում, իհարկե, ես անվանական չեմ շեշտի, սննդամթերքի ժամկետանց խմբաքանակ է հայտնաբերվել, ոչնչացվել է։ Խոսքը ՄԱԿ-ի «Պարեն» ծրագրով տրվող սննդամթերքի մասին է։
Բազմաթիվ դպրոցներում ու նախակրթարաններում սննդի հետ գործ ունեցող աշխատակիցները չեն ունեցել համապատասխան սանիտարական գրքույկներ», -ասաց Անուշ Մնացականյանը։ Նա նաև հիշեցրեց, որ կառավարության նոր որոշմամբ, մսամթերքի պետգնումները պարտադիր պետք է կատարվեն սպանդանոցներից։
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հիշեցրեց, որ Շիրակի մարզը ներկա դրությամբ չունի սպանդանոց ու հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչները պարզաբանեցին, որ սկսած մայիսի մեկից սպանդանոցային մսից պիտի օգտվեն, բոլոր կնքվող պայմանագրերում դա ֆիքսված պիտի լինի։ Շիրակի մարզպետը, հիշեցնելով, որ ըստ «Գնումների մասին» օրենքի, սննդամթերքը ձեռք են բերում մրցութային կարգով, հանձնարարեց գնումներ կատարել այն մատակարարներից, որոնք միսը ձեռք են բերել սպանդանոցներից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ