Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Մոնղոլիան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի նիստում պաշտպանել են Ռուսաստանի դիրքորոշումն այն հարցում, որ ՎԶԵԲ-ի կողմից Ռուսաստանում ներդրումներից հրաժարվելը բանկի կանոնակարգի խախտում է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով նիստի մասնակիցներից մեկին:
ՎԶԵԲ բաժնետերերը 2014թ. հուլիսին որոշում էին կայացրել «սառեցնել» ներդրումները և նախագծերը Ռուսաստանում՝ կապված աշխարհաքաղաքական սրված իրավիճակի և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետ: Չորեքշաբթի Կիպրոսում տեղի ունեցած ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի նիստում Ռուսաստանը բարձրացրել է այդ որոշման՝ ոչ իրավաչափ լինելու հարցը:
Այնուամենայնիվ, ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին նշել է, որ մեծամասնությունը քվեարկել է ՎԶԵԲ որոշման լեգիտիմության օգտին:
«Շատ կարևոր է, որ մեծ թվով երկրներ ձեռնպահ են մնացել քվեարկությունից: Ադրբեջանը և Ուզբեկստանը հրապարակավ զերծ են մնացել: Բելառուսը, Ղրղըզստանը, Հայաստանը և Մոնղոլիան պաշտպանել են Ռուսաստանի դիրքորոշումը»,- ասել է գործակալության աղբյուրը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ