«Այսօր կան անարդյունավետ ծախսման բազմաթիվ օրինակներ՝ սկսած տրանսպորտային համակարգից, վերջացրած ծառայողական ավտոմեքենաները: Երեւան քաղաքում անշարժ գույքի գույքահարկի 15 մլրդ դրամի թերհավաքագրում կա: Շենքերի կադաստրային արժեքը թերագնահատված է: Այդ թերագնահատումները շատ արագ կվերացվեն: Տարածքների վարձակալության ստվերը կկրճատվի, գնումների արդյունավետությունը կբարձրացվի»,- այսօր «Հոդված 3» ակումբում այսպիսի խոստումներ տվեց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կգնահատեք Տարոն Մարգարյանի գործունեությունը քաղաքապետի պաշտոնում, նա ասաց, որ ձեր ծրագիրը լոզունգներ են, իսկ Դուք ինչպես կգնահատեք Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագիրը, նա ասում է, որ դպրոցներն է ջեռուցել, այգիներ է բարեկարգել, ըստ ձեզ ի՞նչ է արել այս տարիներին քաղաքապետը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «2013-ին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել էր, որ մայրաքաղաքում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի հետ կապված փոփոխություն չի կարող լինել եւ ընտրողները այս առումով կարող են լինել հանգիստ: Մայիսին ընտրությունները տեղի ունեցան եւ ընդամենը հուլիսին նա հայտարարեց ուղեվարձի բարձրացման մասին: Հիմա այս դրվագից հետո արժի՞, որ մենք Տարոն Մարգարյանի որեւէ նախընտրական խոստում քննարկենք: Ես կարծում եմ՝ չարժի»:
Նա ասաց, որ Երեւանում ստեղծվել է բացառիկ իրավիճակ, երբ ընդդիմությունը ընտրություններին կարող է հաղթել եւ այդ հաղթող ուժը, բոլոր հարցումներով եւ դիտարկումներով կարող է լինել «Ելք» դաշինքը: Ուստի կոչ արեց ընդդիմադիր ընտրողներին, որ նրանք չփոշիացնեն իրենց ձայները եւ թույլ չտան Տարոն Մարգարյանին էս ընտրություններում «պլստալ»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամեն օր իրենց թիմը Տարոն Մարգարյանի գործունեության գնահատականը տալիս է. «Ընդհանուր գնահատականը համարում եմ անարդյունավետ: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Երեւանում ոչ մի ծառ չի տնկվել, ոչ մի բակ չի բարեկարգվել՝ ոչ, չի նշանակում: Բայց Երեւանում մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների թիվը կրկնակիից զիջում է միջազգային չափանիշներին, եւ Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք այս ցուցանիշը որեւէ էական բարելավում չի ունեցել: Երեւան քաղաքում կան ստրատեգիական խնդիրներ, որոնք ինչպես եղել են չլուծված, այնպես էլ շարունակում են մնալ չլուծված»:
Ինչ վերաբերում է ընդդիմության նախընտրական ծրագիրը «լոզունգ» անվանելուն՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Հասկացությունների հարցում շատ դժվար է բանավիճել Տարոն Մարգարյանի հետ, որովհետեւ լոզունգ բառի իմաստը պետք է համոզված լինենք, որ բանախոսը գիտի: Օրինակ, Վլադիմիր Իլյիչ Լենինը եկավ իշխանության «հողը՝ գյուղացուն, գործարանը՝ բանվորին» լոզունգով: Եկավ ու իրականացրեց: Հիմա ի՞նչ է նշանակում լոզունգ: Քաղաքական ամբողջ պրոցեսը բաղկացած է կարգախոսներից, լոզունգներից: Հիմա, օրինակ, որ Տարոն Մարգարյանն ասում էր՝ «Ավելի բարեկարգ Երեւան», դա լոզո՞ւնգ է, թե՞ լոզունգ չի: Հիմա արդեն լեզվական վանդալիզմություններ է թույլ տալիս Տարոն Մարգարյանը»:
Ինչ վերաբերում է ծրագրին՝ Փաշինյանն ասաց. «Ես չեմ էլ կարդացել իրենց ծրագիրը, որովհետեւ պետք է նայես կատարված աշխատանքը: Ես կարդացել եմ նախորդ իր ծրագիրը եւ տեսել եմ, որ 70 տոկոսը չի իրագործվել: Ծրագրային վանդալիզմություն է դրսեւորել պարոն Մարգարյանը, չի իրագործել, ջախջախել է այդ ծրագիրը, սեւ ներկով խազ է քաշել այդ ծրագրի վրա: Էլ ի՞նչ կարդամ նոր ծրագիրը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ