Այսօր Aravot.am-ը «Հոդված 3» ակումբում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ շատ մարդիկ կան, որ դեռ չեն որոշել, թե ում են ընտրելու, ասում են, որ ընդդիմությանն ենք ընտրելու, բայց կասկածներ կան. ձեր հետ կապված հիմնական կասկածը, որ հայտնում են, այն է, որ դուք, հավանաբար վերջին շրջանում նյարդային եք դարձել, լարվածությունից է, թե ինչ է, բայց մի տեսակ մուննաթով եք խոսում, հորդուբորդ եք անում ձեր հարցազրույցներում, դա որոշ մարդկանց դուր չի գալիս, կասկածում են, մտածում են՝ արժե՞ ձեզ ձայն տալ, թե՞ չէ:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ընդհանրապես, ես մուննաթով ու հորդուբորդով խոսում եմ կոռուպցիոներների հետ: Եթե, օրինակ, որեւէ մեկի հետ խոսակցության մեջ հորդուբորդ էլեմենտներ նկատվում են, ուրեմն միանշանակ իմացեք, որ այդ հորդուբորդն ուղղված է քաղաքը, պետությունը, երկրի բյուջեն անարդյունավետ եւ կոռուպցիոն եղանակներով կառավարողներին եւ դա որեւէ կերպ չի կարող ուղղված լինել լրագրողներին, հանրությանը, առավել եւս՝ ընտրողներին:
Եթե որեւէ մեկը այդպես է ընկալել իմ շեշտադրումները, գիտեք, ԱԺ-ում էլ ես սովորաբար սուր եմ խոսում, բայց եթե իմ խոսքի մեջ որեւէ լրագրող, քաղաքացի, հանրության որեւէ ներկայացուցիչ հորդուբորդի մեջ դիսկոմֆորտ է զգացել, ես ցավում եմ դրա համար: Եթե ինչ-որ տեղ սխալ ձեւակերպումներ եմ արել, ես հայցում եմ մարդկանց ներողամտությունը: Միանշանակ, դա ուղղված չէ իրենց եւ չի կարող իրենց ուղղված լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ