«Երևանի ավագանու ընտրությունները նախևառաջ քաղաքական են, քանի որ մասնակցում են քաղաքական ուժեր»,- «Հայելի» մամուլի ակումբում մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանը:
Սակայն, ըստ նրա, իշխող Հանրապետականը քարոզարշավի առաջին իսկ օրվանից փորձել է այն այլ դաշտ տեղափոխել. «Իհարկե՛, մրցակցությունը արդար չի եղել, որովհետև Հանրապետական կուսակցությունը կամա, թե ակամա պարտավոր է օգտագործել իր ամբողջ վարչական ռեսուրսները, որպեսզի հաղթի, և դա նույնպես արատավոր երևույթ է: Եվ մենք մի քանի անգամ ասել ենք, որ արմատական փոփոխություն է պետք անել և, օրինակ, դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին չպետք է նշանակի քաղաքապետը»:
Հայկ Պետրոսյանը անդրադարձավ նաև Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանի հայտարարություններին. «Լևոն Իգիթյանը մեզ չի քննադատել: Լևոն Իգիթյանը հայաթի խուլիգանի պես արտահայտություններ է արել, որոնք մենք ընդհանրապես չենք մեկնաբանելու: Մենք ընդամենը խորհուրդ ենք տալիս նաև Հանրապետական կուսակցությանը, մարդկանց, որոնք հրապարակային հայտարարություններ են անում, գոնե լինեն դաստիարակված և չլինեն և չօգտագործեն հայաթի խուլիգանների պես արտահայտություններ, ինչպես Լևոն Իգիթյանն է անում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Իգիթյանը խայտառակում է իր ծննդավայր Լյուքսեմբուրգը…