«Ելք» դաշինքն իր նախընտրական քարոզարշավն է իրականացնում Շենգավիթ համայնքում: Ներբակային տարածքներից մեկում, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր կաթող տանիքներից, Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից ազատվելու մասին, մի խումբ հավաքված բնակիչներին Փաշինյանը հարցրեց՝ դուք «Ելք» դաշինքի օգտի՞ն եք քվեարկելու, լրիվ լուրջ: Կանայք պատասխանեցին՝ այո, բա ոնց: Փաշինյանը ոգեւորվեց. «Լսեցի՞ք ժողովուրդ, ծափեր»:
Բնակիչներից մեկն ասաց. «Ազգային ժողովում բոլոր դեպուտատների պորտը տեղն ես դնում, ո՞նց կարանք քեզ չընտրենք»: Փաշինյանն էլ ճշտում մտցրեց. «Ազգային ժողովում նախարարների պորտն եմ տեղը դնում»:
Կանանցից մեկի խոսքերով՝ Գալուստ Սահակյանը դիտմամբ Փաշինյանի կոճակն անջատում է, որ չխոսի:
Շենգավիթցիները բողոքում էին, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր շրջապատն է մեծացնում եւ իրենց համար ոչինչ չի անում:
Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ժողովուրդ, դուք տեղյա՞կ եք, որ Ահարոն Ադիբեկյանը էլի սոցհարցումների տվյալներ է հրապարակել եւ ասում է, թե մեծամասնությունը Տարոն Մարգարյանի օգտին է քվեարկելու, ճի՞շտ է, թե՞ սխալ»:
Շենգավիթի բնակիչները, որոնք շենքի պատշգամբներից, պատուհաններից դուրս էին նայում, ասացին, որ «Ելքին» են քվեարկելու, միայն մեկն ասաց, որ ոչ մեկի օգտին չի քվեարկելու: Փաշինյանը եզրակացրեց. «Ըհը, մեր հարցումներն էլ ասում են, որ 80 տոկոսը մեր օգտին է քվեարկելու, 10 տոկոսը՝ ոչ մեկի օգտին: Ծափեր՝ մեր ընտրողներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ