Բնապահպանության նախարարությունը մտադիր է խեցգետնի արտահանումը որոշ ժամանակով արգելել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախարարն ասաց, որ Սեւանա լճում եւ այլ ջրային ավազաններում հայկական խեցգետնի չափերը փոքրացել են, ապրանքային տեսքն էլ վտանգված է: Ուստի նախարարությունը իրավական ակտ պետք է ստորագրի՝ խեցգետնի որսն ու արտահանումն արգելելու համար:
Նախարար Մինասյանն անդրադարձավ որսագողությանը ու նշեց, որ բացահայտել են 2734 կիլոգրամ ձուկ, որից 2247 կգ-ն՝ սիգ, 464 կգ-ն՝ գետի տարբեր տեսակի ձկներ, 2 հատ բեզոարյան այծ, 2 հատ եղնիկ, 2 հատ այծյամ, 17 հատ նապաստակ, 14 հատ քարակաքավ եւ 13 հատ տափաստանային արտույտ, 11 հատ էլ կարմրախայտ:
Հայտնաբերել են նաեւ 133 հատ ձկնագողության պարագաներ, առգրավվել են 51 հատ խեցգետնաորսիչ եւ 650 մետրանոց ցանց:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ