Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները համալրվել են 16 հազար կտոր նոր գրականությամբ

Մայիս 10,2017 16:41

Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները համալրվել են վերջին տարիների տպագրության նոր գրականությամբ: Ընդհանուր առմամբ համայնքային գրադարանների գրքային ֆոնդը հարստացել է 400 անուն 16 հազար կտոր նոր գրականությամբ, այդ թվում ինչպես հայ դասականների, այնպես էլ ռուսական, արևմտաեվրոպական հեղինակների գեղարվեստական և մասնագիտական, նաև մանկական մեծաքանակ գրականությամբ: Երաժշտական կրթօջախների համար էլ ձեռք է բերվել նոտագրված մասնագիտական գրականություն:

Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված գրքերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորհավորելով գրադարանների համակազմերին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է ծրագրի կարևորությունն ու հատկանշել, որ գրքային նոր ֆոնդի համալրման այս տարվա ծավալներն իսկապես աննախադեպ են:

«Համայնքային բոլոր գրադարանների ջեռուցումը, նորոգումն ու նոր գույքով համալրումը վերջին տարիների մեր կարևոր ձեռքբերումներից են, ինչն էապես նպաստել է այցելուների թվի աճին: Սրան զուգահեռ 2012 թվականից գրադարաններում հատուկ ուշադրություն է դարձվում գրքային ֆոնդի համալրմանը: Մինչ օրս համայնքային գրադարանները համալրվել են 60 հազար կտոր գրականությամբ: Այս տարվա ծրագիրն իր ծավալով աննախադեպ է: Նախատեսել ենք նաև գրադարանների թվային՝ տեսա և ձայնասկավառակների տեսքով համալրում, ինչը կնպաստի թվայնացման գործընթացին և, իհարկե, մեծ ոգևորությամբ կընդունվի մեր ընթերցասեր հասարակության կողմից: Ուզում եմ առանձնահատուկ նշեմ, որ Երևանի և Արցախի մայրաքաղաքի միջև համագործակցության շրջանակում նոր գրականությամբ կհամալրվեն նաև Երևանի քույր քաղաք հանդիսացող Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային և Թումանյանի անվան գրադարանները»,-ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Գրադարանների տնօրեններն ու աշխատակիցներն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով մշակութային օջախների նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգածության և հետևողականության համար՝ նկատել են, որ հարմարավետ պայմաններ և նոր գրականություն ունենալը կարևոր սկզբունք է ընթերցասերների ներգրավման համար:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031