Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունն ԵՄ դրամաշնորհների չարաշահման վերաբերյալ

Մայիս 10,2017 16:38

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում կոռուպցիայի եւ խարդախության փաստերի առնչությամբ արդեն ավարտված եւ դեռեւս հետաքննության փուլում գտնվող գործերի վերաբերյալ: Մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության քայլերն` ուղղված օրինախախտումների եւ հանցագործությունների բացահայտմանը:

Միջազգային կազմակերպությունները եւ, մասնավորապես, Եվրոպական միությունը` որպես Հայաստանին ամենամեծ ֆինանսական օժանդակությունը ցուցաբերող կառույց, անգնահատելի աջակցություն են ցուցաբերում երկրում ամենատարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Դրանց արդյունավետ եւ հետեւողական իրականացմանն են նպաստում նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։

Ցավոք սրտի, հատկացված միջոցների նկատմամբ անբարեխիղճ եւ անպատասխանատու վերաբերմունքի դեպքերը ստվեր են գցում ինչպես ՔՀԿ-ների, այնպես էլ Եվրոպական միության կողմից այդ ուղղությամբ կատարվող հսկայական աշխատանքի վրա: Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների խորացմամբ ոչ շահագրգիռ որոշակի շրջանակներ օգտվում են նման դեպքերից` հայաստանյան քաղաքացիական հասարակությանը, Եվրամիությանը եւ ԵՄ-Հայաստան համագործակցությունը վարկաբեկելու նպատակով։

Որպես ոչ կառավարական կազմակերպությունների միավորում, որի համար ՀՀ-ԵՄ համագործակցությունն անվերապահ առաջնահերթություն է, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վճռականորեն կողմ է օրինախախտումների կոնկրետ դեպքերի լիարժեք հետաքննությանը, արդար եւ անկողմնակալ դատավարությանը եւ մեղավորների հանդեպ իրավական համարժեք միջոցների կիրառմանը:

Միեւնույն ժամանակ կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է ավելի հետեւողական լինի պետական եւ հասարակական ինստիտուտներին տրամադրվող միջոցների արդյունավետ ծախսման, պոտենցիալ շահառուների նախորդ գործունեության ու նրանց արժեքային համակարգի ուսումնասիրության հարցերում։

Մասնավորապես, մենք համոզված ենք, որ անհետաձգելի անհրաժեշտություն է դարձել ֆինանսավորվող բոլոր ծրագրերի մոնիթորինգի իրականացումը անկախ եւ կոմպետենտ հասարակական կազմակերպությունների կողմից: Մեծ ուշադրություն պետք է դարձվի դրամաշնորհային մրցույթների անցկացման ու դրամաշնորհառուների կողմից կազմակերպվող միջոցառումների թափանցիկությանը: Այդօրինակ մրցույթներում հաղթողներին որոշելիս, մեր կարծիքով, անհրաժեշտ է կարեւորել հայտատու կազմակերպությունների «կենսագրությունը», նախկինում ծավալած գործունեության մեջ իրենց առաքելության հանդեպ դրսեւորած հավատարմությունը: Այս ամենը հաշվի չառնելը նվազեցնում է իրականացվող ծրագրերի օգտակար գործողության գործակիցը, դանդաղեցնում քաղաքացիական հասարակության` որպես բարեփոխումների իրականացման շարժիչի ջանքերը եւ, ինչպես ցույց է տալիս ներկայումս ընթացող հետաքննությունը, հղի է կոռուպցիոն ռիսկերով:

Իր հերթին, ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պարտավորվում է ինքնաքննադատաբար գնահատել իր դերը Հայաստանի քաղաքացիական հասարակության շրջանում առողջ մթնոլորտի ձեւավորման հարցում։ Մենք պատրաստ ենք առավելագույն ջանքեր գործադրել` թույլ չտալու Պլատֆորմի անդամ կազմակերպությունների կողմից անբարեխիղճ եւ անպատասխանատու վերաբերմունքի դրսեւորումներ։ Մենք բաց ենք այս բոլոր ուղղություններով համագործակցության համար եւ պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ Եվրամիության կողմից հատկացված միջոցների չարաշահումների պատճառ հանդիսացող խնդիրների հետագա վերլուծության եւ վերացման գործում:

 

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031