Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովի հայտարարությունը հակասում է միջպետական պայմանագրերին

Մայիս 10,2017 16:28

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին ռուսական «Միր 24» հեռուստաալիքին տրված հարցազրույցի շրջանակներում հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու «Իսլամական պետության» դեմ: «Պատրաստ են նաև Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական բազաները: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են», – նշել էր նա:

Լավրովի այդ հայտարարությունը երկու հիմնական հարցադրման է հանգեցնում: Արդյո՞ք Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի վրա ներկայիս ամենավտանգավոր ահաբեկչական կազմակերպության ուշադրություն գրավելը չի վնասում ՀՀ անվտանգությանը և արդյո՞ք Լավրովն ունի նմանօրինակ հայտարարություններ անելու իրավունք:

ՀՀ անվտանգությունը

Լավրովի հայտարարությունը ստիպում է ևս մեկ անգամ մտածել, թե որքանով է ռուսական ռազմաբազան ՀՀ անվտանգությանը նպաստում: Որպես երկիր, որը գտնվում է անմիջապես Մերձավոր Արևելքի սահմանին և ունի գործող հակամարտություն իսլամական պետության հետ, Հայաստանը առանձնահատուկ շահագրգռված չէ իր վրա «Իսլամական պետության» կողմից ավելորդ ուշադրություն գրավելու հարցում: Ի տարբերություն Ղրղզստանի ու Տաջիկստանի Հայաստանը քրիստոնյա երկիր է՝ ըստ ամենայնի նաև ավելի գրավիչ թիրախ «Իսլամական պետության» ներկայացուցիչների համար:

Բացի այդ, եթե նաև հաշվի առնենք անցած տարվա ապրիլից ի վեր Ադրբեջանի հետ բախումների հաճախականացումն ու դրանից բխող անվտանգության խնդիրները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ արաբական աշխարհի համարյա միասնական հակահայկական դիրքորոշումը, ապա վստահաբար Լավրովի այսպիսի հայտարարություններն անտեղի ուշադրություն են գրավում Հայաստանի վրա՝ ստեղծելով ռիսկեր անվտանգության համար:

Պայմանագրի խախտո՞ւմ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կիրառումն իրականացվում է Կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների, 1992 թ-ի մայիսի 15-ի Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1991թ-ի դեկտեմբերի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի հիման վրա և Կողմերի օրենսդրություններին համապատասխան»: Նույն պայմանագրի 24-րդ հոդվածը ամրագրում է, որ «ռուսական կողմը չի օգտագործի ռուսաստանյան ռազմակայանը սույն Պայմանագրով չսահմանված նպատակների համար»:

Իսկ ահա Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վերոնշյալ պայմանագրերից որևէ մեկով ամրագրված չէ Հայաստանի սահմաններից հեռու գտնվող «Իսլամական պետության» դեմ պայքարը:

Այսինքն, եթե հավատանք Սերգեյ Լավրովի խոսքերին, ապա կարելի է արձանագրել, որ Ռուսաստանը խախտելով 102-րդ ռազմակայանի մասին միջպետական պայմանագիրը՝ որոշել է պատրաստել իր ռազմաբազան «Իսլամական պետության» դեմ պայքարի համար:

Հ.Գ. Ավելին, նմանօրինակ հայտարարությունները ևս մեկ անգամ միջազգային հանրությանը Հայաստանին ներկայացնում են որպես ինքնուրույնությունից զուրկ, ոչ ինքնիշխան պետություն, որի տարածքում գտնվող ռազմաբազան ռուսական կողմը կարող է կիրառել ըստ իր հայեցողության՝ խախտելով միջպետական պայմանագրի դրույթները

 

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031