Օրերս Հրազդան գետի մի հատվածը փրփրանման զանգվածով էր պատված: Այս մասին ահազանգել էին քաղաքացիները: Ահազանգի առնչությամբ բնապահպանության նախարարությունից վստահեցրել էին, որ որ գետում փրփրանման զանգված ձկնորսներից մեկն էլ է նկատել եւ զանգահարել է նախարարություն. մասնագետները գնացել, նմուշառել են ջուրը, որպեսզի լաբորատոր փորձաքննության ենթարկեն, որի արդյունքները դեռեւս ամսի 6-ի դրությամբ պարզ չեն:
Aravot.am-ը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ կա՞ արդեն փորձաքննության եզրակացությունը, եւ գոնե նախնական տվյալներով, հայտնի՞ է, թե այդ ինչ փրփուր է, եւ որտեղից: Մեր հարցին ի պատասխան, պարոն նախարարն ասաց, որ առաջին ահազանգը ապրիլի 28-ին են ստացել, նախնական արդյունքներով՝ գետ են լցրել մեծ քանակությամբ մաքրող, լվացող նյութեր. «Առաջիկայում այցելելու ենք բոլոր այդ հաստատություններն՝ ամբողջ գետի երկայնքով, որպեսզի պարզենք, եւ լրացուցիչ պահանջներ ներկայացնենք: Վտանգավորության տեսանկյունից մարդու կյանքին սպառնացող վտանգ չի ներառում: 2-րդ ահազանգը ստացել ենք մայիսի 6-ին, նույն օրը նմուշառում ենք արել, ուղարկել փորձաքննության»:
Մեր այն հարցին, թե որտեղից են մաքրող-լվացող նյութերը լցվում գետ, պարոն նախարարն ասաց՝ «Տարբեր տեղերից. սկսած ավտոլվացման տեղերից, վերջացրած՝ ռեստորաններում ինչ-որ գործողություններից: Սրանք կասկածներ են, լրացուցիչ ուսումնասիրություն ենք անում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ