Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանվել է Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ, որը տրամադրվում է այն ուսանողներին, ովքեր ծառայել և առանձնացել են բանակում

Մայիս 10,2017 15:46

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) բարձր է գնահատում իր այն ուսանողներին, ովքեր իրենց պարտքն են կատարում Հայաստանի և ԼՂՀ-ի զինված ուժերում և վառ են պահում զոհվածների հիշատակը:

ՃՇՀԱՀ-ն և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հավերժացրեց Ապրիլյան քառօրյաում զոհված հերոս, իր «հավերժ» ուսանող Ադամ Սահակյանի անունը՝ սահմանելով Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ:

«Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի այս նախաձեռնությանը մենք սիրով միացանք և կարճ ժամանակահատվածում ձեռք բերեցինք պայմանավորվածություն: Ապրիլյան քառօրյա պատերազմը ապացուցեց, որ հայրենիքը պաշտպանելու հայ ժողովրդի կամքը անկոտրուն է: Եվ մեր տղաների և նրանց հրամանատարների անկոտրուն կամքի շնորհիվ մենք հաղթեցինք: Խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ով չվերադարձավ և մեր շնորհակալությունը նրանց, ովքեր ծառայել և ծառայում են հանուն հայրենիքի:»,- իր ելույթում ասաց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը:

Ըստ հաստատված կարգի Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակը տրամադրվում է այն ուսանողներին, ովքեր ծառայել և առանձնացել են բանակում կամ մասնակցել են 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմին: Հերոսի անվան կրթաթոշակը նախատեսված է ոչ միայն կրթության մեջ առաջադիմողներին, ինչը առանձնակի է դարձնում կրթաթոշակը:

Կայացած մրցույթային հանձնաժողովում որոշվեց կրթաթոշակը հատկացնել առաջինից երկրորդ կուրսերում սովորող, պարտադիր զին ծառայությունը անցած ուսանողների շրջանակներում: Կրթաթոշակը սահմանված է երեք անվանակարգերով:

Առաջին անվանակարգում հաղթող ճանաչվեց շինարարության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Տարոն Հայրապետյանը, ով 2014–2016թթ-ին ծառայել է զինված ուժերում, մասնակցել է Ապրիլյան մարտական գործողություններին: Ծառայության ընթացքում ՀՀ ՊՆ նախարարի հրամանով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանով և մարտական հերթապահությունների ժամանակ ցուցաբերած արիության և անկոտրուն կամքի համար արժանացել է 6 պատվոգրերի:
Երկրորդ անվանակարգում հաղթող ճանաչվեց քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, սերժանտ Հայկ Գևորգյանը, ով 2014-2016թթ–ին ծառայել է զինված ուժերում, մասնակցել Ապրիլյան մարտական գործողություններին: ԼՂՀ նախագահի հրամանով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Զորամասի ավարտական» կրծքանշանով, զորամասի հրամանատարի շնորհակալագրերով:

Երրորդ անվանակարգով հաղթեց ճարտարապետական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող, ավագ սերժանտ, նախկին ջոկի հրամանատար Վահան Հարությունյանը, ով ծառայել է զինված ուժերում, մասնակցել Ապրիլյան մարտական գործողություններին: Պարգևատրվել է «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով:

Պարգևները գտան իրենց արժանիներին: Իհարկե այս պահին հպարտություն եմ ապրում, սակայն այն խառնված է և կարոտով և թախիծով: Հիշում եմ տղաիս և նա կրկին վերակենդանանում է այս պահին ինձ համար»- նշեց Գայանե Սահակյանը՝ Ադամ Սահակյանի մայրը:

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիյան

10.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031