Օրերս կառավարությունը որոշման նախագիծ ընդունեց, ըստ որի սահմանվեց Սեւանա լճից ջրառի չափաքանակը՝ ըստ օրենքի՝ 170 միլիոն խ/մ: Որոշման նախագծով նախատեսվում է մեկամսյա ժամկետում մշակել եւ սահմանված կարգով կառավարության հավանությանը ներկայացնել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ:
Բնապահպանների կարծիքով, օրենքում փոփոխություն կատարելու այդ նախաձեռնության նպատակն է Սեւանա լճից ավելի ջուր բաց թողնելու համար մի նոր նախագիծ անցկացնել Ազգային ժողովում։
Ընդ որում, ըստ բնապահպանների եւ որոշման նախագծի, Սեւանից ավելի ջուր բաց թողնելու նպատակը ՀԷԿ-երը ջրով ապահովելու եւ ոռոգման սեզոնին անհրաժեշտ քանակությամբ դաշտերը ջրով ապահովելու համար է:
Aravot.am-ն այսօր բնապահպանության նախարարից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հետաքրքրվեց այս նախագծից՝ արդյոք նախարարությունը անհամաձայնություններ ունի այլ գերատեսչությունների հետ:
Մեր հարցին ի պատասխան, նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջարկները քննարկվել են, տեսակետներ են ստացել գյուղնախարարությունից, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից եւ ջրային տնտեսության պետական կոմիտեից. «Ամփոփել ենք եւ մեր դիրքորոշումն այս պահին բացասական է, որովհետեւ համարում ենք, որ չկա ավելի հիմնավորված փաստարկ, որ կարելի է 1 միլիոն խ/մ ավելի ջուր բաց թողնել: Մանավանդ, որ այս ջրային ռեսուրսը, թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում համարվում է խոշոր ռազմավարական նշանակության ապրանք, որովհետեւ, եթե մենք այլընտրանքային արժեքն ենք նայում ջրային ռեսուրսի, մենք տեսնում ենք, որ այն ավելին է, քան էներգետիկ համակարգով ստացվող արդյունքը, կամ ոռոգման համակարգերի արդյունքով ստեղծվող գյուղմթերքների արժեքը: Մյուս կողմից պետք է 1 միլիոն խորանարդ մետր ջրի էկոլոգիական հետեւանքները մանրամասն ուսումնասիրել, սա նշանակում է լրջագույն փորձաքննություն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ