Լրահոս
Օրվա լրահոսը

Վարշավայում կայացավ Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովը

Մայիս 10,2017 15:10

Մայիսի 8-ին Վարշավայի Գյուղատնտեսության ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովը, որը կազմակերպել էին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը և ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Համաժողովին իր ուղերձն էր հղել Լեհաստանի Սեյմի նախագահ (մարշալեկ) Մարեկ Կուխչինսկին: Համաժողովի ներկա էր ԼՀ Սենատի անդամ Յան Մարիա Յակովսկին, ով համաժողովի մասնակիցների փոխանցեց ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու ողջույնները:

Համաժողովի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և ԼՀ կառավարության Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենջեյովիչը:

Դեսպան Ղազարյանն իր խոսքում, մասնավորապես նշեց, որ Լեհաստանի հայ համայնքն առանձնահատուկ դեր ունի հայկական Սփյուռքում: «Դարեր շարունակ ապրելով Լեհաստանում` հայերը կարողացել մշտապես իրենց դրսևորել իբրև այդ երկրի արժանավոր քաղաքացիներ` մշտապես պահպանելով իրենց ազգային ինքնությունը: Նրանք կարողացել են հարստացնել և սերնդից սերունդ փոխանցել մեր դարավոր մշակույթն ու ավանդույթները` թողնելով արժեքավոր ժառանգություն` այն ծառայեցնելով նաև Լեհաստանի զարգացմանը և ամրապնդվելով մեր երկու ժողովուրդների փոխադարձ անկեղծ հարգանքն ու բարեկամությունը», – նշեց Էդգար Ղազարյանը։

ՀՀ դեսպանն նաև հույս հայտնեց, Լեհաստանի հայերի համաժողովը լավ հարթակ կհանդիսանա համայնքին հուզող հարցերը վեր հանելու, քննարկելու, համատեղ ուժերով դրանց լուծման ուղիները գտնելու, համայնքն ավելի կազմակերպված և միասնական դարձնելու համար:

Այնուհետև, համաժողովի ընթացքում տեղի ունեցան թեմատիկ քննարկումներ: Բանախոսություններով հանդես եկան Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Հայ Կաթողիկե եկեղեցու Վարշավայի և կենտրոնական Լեհաստանի հոգևոր հովիվ, Յուզեֆ Նաումովիչը, Գլիվիցեի Յուզեֆ Թեոդորովիչի անվան հայ համայնքի ներկայացուցիչ Բոգդան Կասպրովիչը և Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը:

Համաժողովի ամփոփիչ քննարկման թեման հայապահպանության խնդիրներն էր, որը վարեց Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը։

Համաժողովի շրջանակներում Վարշավայի Գյուղատնտեսության Ազգային գրադարանի ճեմասրահում կազմակերպվել էր Լեհաստանում բնակվող հայազգի գեղանկարիչ Գրիգոր Ասլանյանի նկարների ցուցահանդեսը, ինչպես նաև Իսպանիայում բնակվող հայազգի գործիչ Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուի լեհաստանյան շնորհանդեսը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031