Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրենտի Միրզոյան. «Նոյեմբերյան շինծու անվանումը պետք է փոխվի»

Մայիս 10,2017 15:02

Aravot.am-ը լեզվաբան, Լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիքի է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի` Նոյեմբերյանը Կողբափոր անվանելու առաջարկի վերաբերյալ:

«Կողբափորը Նոյեմբերյանի տարածաշրջանի հին անվանումն է, առաջ էլ կոչվել է Բարանայի գավառ, իսկ Նոյեմբերյան հեղափոխությունից հետո` ի պատիվ Հայաստանում նոյեմբերի 29-ին խորհրդային կարգերի հաստատման` Նոյեմբերյան: Կողբափորն իսկապես Նոյեմբերյանի տարածաշրջանի պատմական անունն է, ուստի ճիշտ կլինի, որ հին անվանումը վերականգնվի»,- նշեց լեզվաբանը:

Նրա ձեւակերպմամբ. «Տարածաշրջանը նախկինում Կողբափոր է կոչվել, իսկ Նոյեմբերյանը շինծու անուն է, որն առնչվում է Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու հետ…1920թ. Կարմիր բանակը մուտք է գործել Հայաստան` Իջեւան, եւ Իջեւանի քարվանսարայից հեռագիր է ուղարկվել Լենինին, որ խորհրդային կարգեր են հաստատվել Հայաստանում, իմիջիայլոց Կարմիր բանակի մի մասը նաեւ Նոյեմբերյանն ու Շամշադինն է ընդգրկել, Իջեւանն էլ եղել է կենտրոնը: Քարվանսարայից հեռագիր տալուց հետո որոշվել է տարածաշրջանի անունը` Բարանան, փոխվի: Ինչ վերաբերում է Կողբափորին, այն առնչվում է Կողբ գյուղի հետ: Տավուշի մարզի ամենամեծ գյուղը Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղն է` 5000 բնակչով, գավառն էլ կոչվել է Կողբափոր: Քանի որ Կարեն Քոչարյանն արմատներով Նոյեմբերյանցի է, ցանկանում է, որ տարածաշրջանի հին անունը վերականգնվի, ինչպես ժամանակին Շամշադինը փոխվեց եւ կոչվեց Տավուշի տարածաշրջան, որովհետեւ Տավուշ գետը Շամշադինի միջով է անցնում, Տավուշ բերդը գտնվում է Բերդի հատվածում եւ այդ ամբողջ տարածքը կոչվում է Տավուշի տարածաշրջան:

Իրականում Նոյեմբերյանը Տավուշի, Շամշադինի հետ կապ չունի: Դիլիջանը եւս կապ չունի: Ճիշտ կլիներ, որ կոչվեր Աղստեւի գավառ, Աղստեւի մարզ, որովհետեւ Աղստեւի վրա է գտնվում մարզկենտրոնը: Կրկնում եմ` Նոյեմբերյանը շինծու անուն է, որ տարածաշրջանի վրա մնացել է մինչ օրս, մինչդեռ խորհրդային բոլոր անվանումները վաղուց փոխվել են, այդ թվում` Սովետաշենը` Նուբարաշեն, Օրջոնիկձեի շրջանը` Էրեբունի եւ այլն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    լավ կլինի փոխել բոլոր այն քաղաքների եվ գյուերի անունները որոնք հատկապես թուրքերեն են օրինակ ալավերդի-ալլահվերդի- եվ այլն

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031