Հայ-ռուսական համալսարանը ներկայացնող Կարեն Մնացականյանի թիմը օրերս դարձել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» Հայաստանի երիտասարդական առաջնության առաջնության հաղթող՝ անզիջում պայքարում մեկ միավորով շրջանցեց Էդգար Սերոբյանի թիմին`իրավունք ստանալով ներկայացնել Հայաստանը «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» երիտասարդական թիմերի Եվրոպայի առաջնությանը:
Դպրոցականների առաջնությունում վստահ հաղթանակ տարավ Լաերտ Բաղդասարյանի թիմը, որը կներկայացնի Հայաստանը մայիսին բելոռուսական Գոմել քաղաքում անցկացվող դպրոցական թիմերի Եվրոպայի առաջնությունում։
Դպրոցական և ուսանողոկան առաջնությունները անցկացվեցին մայիսի 7-8-ը Հայ-Ռուսական Համալսարանի հիմնադրման քսանամյակին նվիրված ինտելեկտուալ խաղերի փառատոնի ժամանակ, որին մասնակցեց շուրջ երկու հարյուր գիտակ Հայաստանից և Արցախից:
«Հայ-ռուսական համալսարանը երկար տարիներ մեծ նշանակություն է տալիս տաղանդավոր երիտասարդների աջակցության ծրագրերին: ԲՈՒՀը մշտապես սատարում է ստեղծագործական և ինտելեկտուալ մրցույթներին` այդ թվում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի անցկացմանը: Վստահ եմ, որ հայ դպրոցականների և ուսանողների թիմերը պատվով կներկայացնեն մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում», – նշեց «Գիտակների Հայկական Ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը:
«Ինչ, Որտեղ, Երբ» խաղի դպրոցական թիմերի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 12-ին Գոմել քաղաքում (Բելառուսի Հանրապետություն), երիտասարդական առաջնությունը կկայանա սեպտեմբերին: Առաջնություններին մասնակցում են տասնյակ թիմեր` իրենց երկրների առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ:
«Գիտակների հայկական ասոցիացիա»