Բնապահպանության դաշնակցական նախար Արծվիկ Մինասյանը ցանկանում է շարունակել աշխատել որպես նախարար:
Aravot.am-ն այսօր նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք նա կշարունակի պաշտոնավարել որպես բնապահպանության նախարար նոր ձեւավորվելիք կառավարությունում, արդյոք, ինչպես մամուլն է գրում, տարաձայնություններ կա՞ն վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ե՞րբ է որոշվելու կառավարությունում դաշնակցականներին պորտֆելներ տալու հարցը:
Պարոն Մինասյանը մեր հարցին ի պատասխան, ասաց. «Շարունակել աշխատել, նշանակում է՝ ա) ունենալ ցանկություն, բ) իրավասու անձինք՝ հանրապետության նախագահը, քաղաքական այն ուժը, որը ես եմ ներկայացնում, համապատասխան որոշում կայացնեն: Առաջին մասով՝ շարունակելու աշխատելու իմ ցանկությունը կա: 2-րդը՝ կարծում եմ, մայիսի 18-ից հետո այդ հարցը պարզ կլինի՝ ինչպիսի կառավարություն կձեւավորվի»:
Ինչ վերաբերում է վարչապետի հետ հարաբերություններին, պարոն Մինասյանն ասաց՝ «Շատ նորմալ հարաբերություններ են՝ վարչապետ եւ նախարար հարաբերություններ են: Եթե կան բանավեճեր, այս կամ այն դրույթների մասին, կան տարբեր կարծիքներ, դա ոչ թե խոսում է անհամատեղելիության, այլ առավել արդյունավետ լուծումներ գտնելու ցանկության մասին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ