Այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Երեւանի ավագանու ընտրություններում «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ «Ելք» դաշինքը վերցնելով խորհրդարանական ընտրություններում ստացած մանդատները`լեգիտիմացրել է կեղծված խորհրդարանական ընտրությունները եւ գործող իշխանությունը: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ամսի 14-ից հետո իրենք կվերցնե՞ն Երեւանի ավագանիում իրենց մանդատները: «Սա կառավարության եւ օրենսդիր լիազորություններ իրականացնող մարմին է: Մենք լինելու ենք կառավարություն եւ մեր վերահսկողության ներքո է գտնվելու բյուջետային 250 միլիոն դոլար: Մենք գնում ենք իշխանության վերցնելու: Հասկանում ենք`ո՞ւր, ինչի՞ համար ենք գնում եւ ինչպե՞ս ենք վերցնելու քաղաքային իշխանությունը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Քարոզարշավի ընթացքում, Երեւանում, Զարուհի Փոստանջյանը որեւէ նոր բացթողում, խնդիր չի հայտնաբերել, բոլոր խնդիրներին ինքը ծանոթ է եղել անցած տարիներից: Ուրախ է եւ պարտավորված, որ հատկապես կին ընտրողներն են իրեն դրական վերաբերվում:
Զարուհի Փոստանջյանը խոստանում է, որ «Երկիր ծիրանիի» հաղթանակի պարագայում քաղաքապետարանում կադրային ջարդ չեն անելու: Հիմա, իր հավաստմամբ, բոլորին կանչում եւ ասում են`«եթե ձայն չապահովես, կմնաս անգործ»: Իրենք բոլորի հետ խոսելու են կարգ ու կանոնի, հաշվետվության լեզվով. «Բոլոր մասնագետներին պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգում պետք է օգտագործել»:
«Երկիր ծիրանիի» քարոզարշավի եզրափակիչ ակորդը կկայանա ամսի 12-ին, երեկոյան ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում: Զարուհի Փոստանջյանը եւ Ռուբեն Հախվերդյանը «Երկիր ծիրանիի» համակիրներին հրավիրում են հանրահավաք համերգի եւ երթի: Նրանք կոչ կանեն երեւանցիներին`ամսի 14-ին գնալ ընտրատեղամասեր`մարտի, եւ պայքարել սեփական իրավունքների համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ