Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավում արտառոց դրսևորումներ չեն եղել, բայց «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանն ասում է, որ իշխող ՀՀԿ-ն`իրենց հիմնական թիրախը, օգտագործել է վարչական ռեսուրսը, հատկապես կրթական օջախները:
«Հայացք» մամուլի ակումբում ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենք տեղեկություններ ունեն`ուսուցչանոցներում ժողովներ են լինում, մարդկանց են հավաքագրում, որ կարողանան ընտրակաշառքների միջոցով հաղթանակ ապահովել: Նա վստահ է, որ իշխանությունն օգտագործելու է ուռճացված ընտրացուցակների մեխանիզմը`մեկ մարդու լուսանկարով, բայց տարբեր անվանումներով ու գրանցումներով մարդկանց ցուցակները պետք է գործի դնեն Միեւնույն է, Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ այդ մարդիկ պետք է կողմնորոշվեն եւ «դեմ» քվեարկեն իրենց կեղծարարության դրդողներին:
Մանրամասները` տեսանյութում
«Ընտրակաշառքի դեմ պայքարելու համար, այլ ընտրակաշառք առաջարկելը չեմ կարծում, որ ճիշտ է, հակառակը`քրեորեն պատժելի արարք է: Ասում են`կգանք իշխանության, մենք ընտրակաշառք կառաջարկենք: Դա սխալ է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը`անդրադառնալով «Ելք» դաշինքի 15 հազարական դրամների մասին հայտարարությանը: Այդ հարցին Զարուհի Փոստանջյանը երեկ էլ էր անդրադարձել:
Aravot.am-ի հարցին`ո՞րն է խնդիրը, որ ընդդիմադիր «Ելքը» որոշեց գնալ իշխանության ճանապարհով, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ ապրիլի 2-ից խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական դաշտը դեպրեսիայի մեջ է, հիմնական դերակատար շատ ուժեր չեն մասնակցում ընտրություններին, «Ելք»-ն էլ փորձում է ընտրազանգվածն իր կողմը գրավել:
«Ապրիլի 2-ի ընտրությունները արդար, հավասար, թափանցիկ չեն եղել: Մարդիկ կաշառված`ստիպված գնացել եւ ընտրել են իշխանությանը: Իսկ «Ելք»-ը վերցրեց մանդատները`լեգիտիմացնելով այս ընտրությունները: Նրանք չդիտարկեցին տեղամասից դուրս ընտրական գործընթացները: «Ելք-ը քննությունը լիարժեք չհանձնած`ձախողեց այս երկրորդ փուլը»: Նա վստահ է`«Ելք»-ը գալիս է կրկնելու ՀՀԿ-ի գործառույթը:
Մանրամասները` տեսանյութում
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`երբ ապրիլին Գագիկ Ծառուկյանն էր խոստումներ տալիս, ԿԸՀ-ն ասաց, որ դա ընտրակաշառք է, բայց հիմա, կարծես չի արձագանքել: «Ես ավելին ասացի`դա քրեորեն հետապնդելի արարք է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը`հավելելով. «Ելք»-ը միգուցե օգնելու է Սերժ Սարգսյանին, բայց մեր խնդիրը հիմնականում Սերժ Սարգսյանն է: Մանավանդ, Նիկոլ Փաշինյանը վերցրել է մանդատը, խորհրդարան է գնալու մենք իրենց հետ խնդիր չունենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ