Մայիսի 5-ին Հռոմում` Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վիկտորիա Բաղդասարյանը ՀՀ սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալ հանձնեց Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանին:
Սոնա Հարությունյանը հեղինակ է Հայոց ցեղասպանությանը, հայ դանթեագիտությանը, լեզվաբանությանը, թարգմանաբանությանը նվիրված քառասունից ավելի հրապարակումների: Նա նաև «Հայոց Ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» մենագրության հեղինակն է: Նրա թարգմանությամբ լույս են տեսել Ա. Հերմետի և Պ. Ռատտիի «Հայերի Վենետիկը» գիրքը, ինչպես նաև Ա. Արսլանի «Արտույտների ագարակը», «Զմյուռնիայի ճանապարհը» և «Մշո գիրքը» Հայոց ցեղասպանությանը նվիրված վեպերը:
Սոնա Հարությունյանը գիտական զեկույցներով հանդես է եկել Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մալթայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Թայվանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք համալսարաններում ու գիտական հաստատություններում: Որպես այցելու դասախոս դասավանդել է Ֆրեզնոյի և Նյու Յորքի համալսարաններում:
Սոնա Հարությունյանի անխոնջ գործունեության շնորհիվ հատկապես կրթական ոլորտում հայ-վենետիկյան փոխհարաբերությունները վերջին տարիներին թևակոխել են մի նոր փուլ: Հարկ է նշել, որ այս գործունեությունը ոչ միշտ է հնարավոր եղել ծավալել բարենպաստ պայմաններում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ադրբեջանցիները ներթափանցել են նաև Կա’Ֆոսկարի համալսարան` փորձելով ոչ միայն հիմք դնել ադրբեջաներենի դասավանդմանը, այլև խանգարել հայկական միջոցառումներին:
Մեր օրաթերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք, թե ինչպես Սոնա Հարությունյանի «Հայոց Ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» գրքի շնորհանդեսի օրը ադրբեջանցիները զուգահեռ միջոցառում էին կազմակերպել համալսարանի միևնույն պալատի մեկ այլ դահլիճում «Ադրբեջանական և իտալական տեսակետները բազմամշակութայնության վերաբերյալ» թեմայով: Սակայն նրանց չէր հաջողվել շեղել հանրության ուշադրությունը հայազգի գիտնականի` Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդեսից:
Նշենք, որ Եվրախորհրդի նախաձեռնությամբ 2016 թվականին Վենետիկում տեղի ունեցած «Լեզուների եվրոպական օր» ամենամյա միջոցառման շրջանակում արևելյան լեզուների համակարգողը Սոնա Հարությունյանն էր, և առաջին անգամ, ի թիվս այլ լեզուների, Վենետիկի Գոլդոնիի անվան թատրոնի բեմից հնչեց նաև հայերեն` Վենետիկի համալսարանում հայագիտություն ուսումնասիրող ուսանողների կողմից: Սոնա Հարությունյանի համառ ջանքերի և Վենետիկի ու Երևանի պետական համալսարանների գործուն համագործակցության շնորհիվ կրթական ոլորտում հայ-վենետիկյան փոխհարաբերությունների ամենամեծ հաղթանակը եղավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագիրը, որի արդյունքում ԵՊՀ մասնագետները կդասախոսեն և հետազոտական աշխատանքներ կկատարեն Վենետիկի համալսարանում, իսկ Կա’Ֆոսկարիից մասնագետներ կմեկնեն ԵՊՀ: Նախատեսվում է նաև ուսանողների փոխանակություն: Ստացված դրամական միջոցների գերակշռող մասը հատկացվելու է Հայաստանին:
«Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հակոբյանին` ինձ նման պատվի արժանացնելու համար, և Ձեզ` տիկի’ն դեսպան, այս հանդիսավոր արարողության համար: Մեծապես զգացված և հուզված եմ ու պիտի խոստովանեմ, որ ինձ համար մեծ անակնկալ էր, քանզի երբեք չեմ համարել, որ այն, ինչ անում եմ, արժանի է պարգևի: Վստահ եմ, որ աշխարհասփյուռ հայերս, համախմբվելով մեր պետության հովանու ներքո, համատեղ ջանքերով և համառ գործունեությամբ մեր ձայնը հասու կդարձնենք աշխարհի տարբեր կողմերում` հարվածելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև ըստ արժանվույն ներկայացնելով Մայր Հայաստանի և Արցախ աշխարհի ձեռքբերումները»,- նշել է տիկին Հարությունյանն իր շնորհակալական ելույթում:
Մեդալի հանձնման հանդիսավոր արարողության ավարտին Սոնա Հարությունյանի որդին` տասներեքամյա Նարեկը, դուդուկով կատարել է «Դլե յաման» ու «Էս գիշեր, լուսնյակ գիշեր» ստեղծագործությունները: