Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա գեղեցիկ դիվանագիտական արտահայտում է օգնության մասին». Պյոտր Սվիտալսկիի հայտարարության մասին

Մայիս 10,2017 13:10

«Ադրբեջանն ուզում է Հայաստանին մեկուսացնել, որքան կարելի է դուրս մղել միջազգային հարաբերություններից, ուզում է ազդել ՀՀ ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության շանսերի վրա»,-ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման առիթով այսպիսի մտահոգություն հայտնեց Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Պարոն Տեր-Գաբրիելյանի կարծիքով՝ մեր դիվանագիտությունը մնում է մեղավոր, չնայած ըստ նրա՝ Ավստրիայում մեր դեսպան Արման Կիրակոսյանը լավագույն դիվանագետներից մեկն է:

Ըստ պարոն Տեր-Գաբրիելյանի՝ Ռուսաստանը մեծ դերակատարություն է ունեցել գրասենյակի փակման հարցում. «Ի վերջո, պարոն Պուտինի շահը նույնպես դա է, որ ինչքան կարելի է միջազգային ցանցերից Հայաստանը հեռու պահեն: Արդեն 3-րդ, 4-րդ ՌԴ ներկայացուցիչն էր ԵԱՀԿ-ի գրասենյակի ղեկավարը: Այսինքն՝ այդ գրասենյակը տվել էին Ռուսաստանին: Իսկ այս դեպքում, այն ուժերը, օրինակ՝ Ֆրանսիան, որոնք կարող էին ազդեցություն ունենալ, տվյալ պահին չխաղարկվեցին»:

Գևորգ Տեր-Գաբրիելյանն ընդգծեց նաև, որ ԵԱՀԿ գրասենյակը երբևէ հատկացում բուն ԼՂՀ-ին չի արել: Նա պատմեց, թե ժամանակին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակիցներն իրեն դժգոհել են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ՀՀ այցից առաջ անգամ իրենց տեղյակ չի պահում այդ մասին, որ հանկարծ մանդատ չխախտեն:

Խոսելով գրասենյակի փակման պատճառերի մասին՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը նշեց. «Ադրբեջանը միշտ էլ պրոբլեմատիկ վերաբերմունք ուներ ԵԱՀԿ-ի նկատմամբ. հիշենք Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման պատմությունը: Պաշտոնական վարկածն այն է, որ Ադրբեջանը դժգոհ էր երևանյան գրասենյակի գործունեությունից: Ուստի նա օգտագործեց իր իրավունքը բյուջեի կրճատման առումով, և սրանով փակվեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակը»:

Դիտարկմանը, թե որևէ պետություն չի դատապարտել այս գրասենյակի փակումը, և, ըստ էության, պայթյունավտանգ այս տարածաշրջանում ԵԱՀԿ-ի միակ ներկայացուցչությունն էր գրասենյակային ձևաչափով, պարոն Իգիթյանն արձագանքեց. «Շատ երկրներ են դատապարտել: Գրասենյակի փակումը Ադրբեջանի մեծ ծրագրի մի մասն է կազմում: Նա փորձում է անընդհատ ցույց տալ, որ սա սառեցված հակամարտություն չէ: Այն, որ ամեն օր հարյուրավոր գնդակներ է ուղարկում ԼՂՀ-ի, Ադրբեջանի սահման, դրանով ուզում է ցույց տալ, թե տեսեք՝ ինչ վատն է այդ կոնֆլիկտը, անընդհատ կրակում են, արյուն է թափվում: Փաստորեն, ուզում է հակամարտությունը միջազգայնացնել, դուրս հանել ՀՀ -Ադրբեջան հարաբերություններից»:

Պարոն Իգիթյանը փաստեց, որ Ադրբեջանը նույնիսկ փակման պահանջն է շանտաժի ձևով ներկայացնում. այսինքն՝ Ադրբեջանն ուզում է ցույց տալ, թե կհամաձայնի գրասենյակի բացմանը, եթե կոնֆլիկտը լուծվի իր ուզած ձևով. «Իհարկե, ՌԴ-ին ձեռք է տալիս, ձեռք է տալիս նաև ՀՀ իշխանություններին, որ ԵԱՀԿ-ի ուղղակի ներկայացուցչություն չլինի Հայաստանում»:

Հարցին քաղաքական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս փաստը ՀՀ- ԵԱՀԿ հարաբերությունների վրա, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, թե քաղաքական իմաստով ՀՀ-ի և ԵԱՀԿ-ի միջև հարաբերությունների ակտիվության վրա հնարավոր է ազդել է այն, բայց քաղաքական առումով մեր հարաբերությունները որևէ կերպ չեն կարող վնասվել, քանի որ գրասենյակը չի փակվել ՀՀ-ի նախաձեռնությամբ:

Էդմոն Մարուքյանը հավաստիացեց, թե ամեն բան արվել է, որ գրասենյակը չփակվի, անգամ ինքն այդ մասին զրուցել է Էդվարդ Նալբանդյանի հետ, սակայն Ադրբեջանը դիմել է ծայրահեղ քայլերի. «Հիմա քննարկումներ են ընթանում, թե ինչպես ԵԱՀԿ-ն իր ծրագրերը փորձի իրականացնել ՀՀ-ում այլ խողովակների միջոցով: Այն պետությունները, որոնք ներդրումներ են անում ԵԱՀԿ-ում, նաև ԵԽ անդամ են և կարող են օգտվել ԵԽ ալիքներով, քանի որ այդտեղ Ադրբեջանը չունի կոնսենսուսով բյուջեի հաստատումը կասեցնելու իրավունք»:

Aravot.am-ի հիշեցմանը, թե Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ ԵԱՀԿ գրասենյակի փակումը հենց ԵԱՀԿ-ին էր հարված և հարցին`ինչպե՞ս կմեկնաբանեք՝ արդյոք սա համարժե՞ք արձագանք էր կատարվածին, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Բոլոր դեպքերում, իհարկե, ԵԱՀԿ-ն պետք է անընդհատ բարձրացնի իր աշխատանքի արդյունավետությունը՝ հաշվի առնելով նախադեպերը: ԵԱՀԿ-ն ունի վետոյի սկզբունքը, բայց որոշ դեպքերում նույն ԵԱՀԿ-ն ունի այդպիսի գործառույթ, որտեղ օգտագործվում է կոնսենսուս մինուս մեկ սկզբունքը, երբ բանաձևն ուղղված է կոնկրետ երկրին դատապարտելուն և այդ երկիրը վետոյի իրավունք չունի: ԵԱՀԿ-ի թուլությունն է, որ չի կարողացել ժամանակին փոփոխություններ մտցնել՝ հաշվի առնելով նախադեպերը Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում, երբ մի երկիր դրսից փորձել է խոչընդոտել ԵԱՀԿ-ի առաքելությունն այլ երկրներում»:

Գևորգ Տեր-Գաբրիելյանի համոզմամբ՝ պարոն Սվիտալսկիի խոսքը ՀՀ-ին սատարելու հաղորդագրություն է, որում ասվում է, որ բոլոր ԵԱՀԿ անդամ երկրները ՀՀ-ի հետ միասին բացի Ադրբեջանից տուժում են այս արարքից, սա գեղեցիկ դիվանագիտական արտահայտում է օգնության մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031