Մայիսի 9-ին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում անցկացվող ամենամյա քայլերթի ժամանակ բախում է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև, գրում է fontanka.ru-ն:
Վեճը սկսվել է Արցախի Հանրապետության դրոշի պատճառով. ակցիային մասնակցող հայերը Հայրենական պատերազմի հաղթանակից բացի՝ տոնել են նաև Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման տոնը: Նրանք ակցիային մասնակցել են Արցախի դրոշներով և «Արցախ», «Ղարաբաղ» կարգախոսներով:
Բարձրացված հայկական դրոշը չի վրիպել ադրբեջանցիների աչքից: Նրանք ոստիկանությունից խնդրել են «դադարեցնել սադրանքը»՝ պատճառաբանելով, որ Արցախի դրոշը Ռուսաստանում արգելված է: Ոստիկանությունը, սակայն, որևէ խախտում չի արձանագրել:
Հաղորդվում է, որ շուրջ 10 ադրբեջանցիներ փորձել են սեփական ուժերով իջեցնել հայկական դրոշը, սակայն նրանցից 3-ը հայտնվել է հիվանդանոցում:
Հայկական համայնքի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց կողմից տուժածներ չկան:
Հիշեցնենք, երեկ նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաև Մոսկվայում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ