Ակնհայտ է, որ նոր ձեւավորված խորհրդարանը շատ ավելի վատն է, շատ ավելի ապաքաղաքական, քան նախորդը։ Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ նաեւ նոր խմբակցությունների կազմին, հատկապես իրենց մեծությամբ առաջին երկու խոշոր խմբակցություններում ընդգրկված են մարդիկ, որոնք որեւէ առնչություն չունեն քաղաքականության, օրենսդիր մարմնի հետ, չունեն երկրի զարգացման որեւէ տեսլական կամ անգամ մոտավոր պատկերացում, հատկապես՝ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր դարձածները։ Լավագույնը, որ նրանք կարող են անթերի անել, անհրաժեշտ օրերին խորհրդարան գալն է, դահլիճում իրենց աթոռը գտնելը, քվեարկությունների ժամանակ հրահանգված կոճակը սեղմելն ու վերջ։
Բացի այդ՝ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր դարձան գերազանցապես ապաքաղաքական մարդիկ, որոնք ընտրվեցին բացառապես տիրապետած ֆինանսական հսկայական եւ վարչական ռեսուրսների շնորհիվ, եւ նրանց համար մանդատը ոչ թե պատասխանատվություն է, ոչ թե երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք, այլ ոմանց դեպքում բիզնեսն ապահովագրելու միջոց, ոմանց համար էլ՝ ուղղակի շքեղություն կամ թիթիզություն։
Մեկ էական հանգամանք եւս. նոր խորհրդարանը ձեւավորվեց հիմնականում 10 հազարական դրամների շնորհիվ, ու թեեւ այս ԱԺ-ն արտահայտում է ժողովրդի կամքը, բայց եւ այդ կամքը ձեւավորվել է քվեների առքուվաճառքի, այլ ոչ թե գաղափարական ընտրության արդյունքում։
Իսկ այդպես ձեւավորված խորհրդարանը բնական է, որ չի կարող ճիշտ գնահատել պետության առաջ կանգնած մարտահրավերներն ու դիմագրավել դրանց, չի կարողանա խնդիրների լուծման ուղղությամբ ճշգրիտ քայլեր իրականացնել։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում