Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը կշահի ավագանու այս ընտրություններով. «Հայոց Աշխարհ»

Մայիս 10,2017 11:59

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը գնահատում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ, ԵՊՀ տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

-Ավագանու ընտրությունները փիար տեսանկյունից, կարելի է ասել, խորհրդարանական ընտրությունների շարունակությունն են, եւ այս քարոզարշավը նախորդի տրամաբանությամբ է իրականացվում:
Բացառություն է, իհարկե, «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Այդ նոր ձեւավորված եւ դեռ պատմություն չունեցող քաղաքական ուժի համար այս ընտրություններն ավելի շուտ հանրությանը ներկայանալու, նրա վստահությունը շահելու հնարավորություն են: Մի բան է՝ ճանաչել Զարուհի Փոստանջյանին, մեկ այլ բան՝ իմանալ նրա քաղաքական ուժը՝ իր գաղափարներով, մոտեցումներով, դիրքորոշմամբ ու ծրագրերով:
Մինչդեռ «Ելքը» եւ Հանրապետական կուսակցությունն ու դրանց ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանն ու Տարոն Մարգարյանը, արդեն ճանաչված եւ ընկալելի են, եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ նրանք բավական մեծ աշխատանք կատարեցին՝ իրենց ծրագրերը, գաղափարները, մոտեցումները, կերպարը մատուցելու, ներկայացնելու համար: Հիմնական աշխատանքն արվել է այն ժամանակ:

Ամեն դեպքում ավագանու ընտրությունները տարբերվում են խորհրդարանականից՝ իրենց ձեւաչափով, ավելի հստակ խոստումների անհրաժեշտությամբ, նաեւ՝ ընտրազանգվածով։ 
Ուստի կուսակցությունների մոտեցումներն էլ պետք է փոքրինչ այլ լինեն: Այդ տեսանկյունից եթե գնահատենք երեք քաղաքական ուժերին, դրանցից ո՞ր մեկն է ավելի ճիշտ օգտվում փիար տեխնոլոգիաներից:

-Հիմնականում կուսակցությունները դասական քարոզարշավի ձեւաչափն են ընտրել եւ բացառիկ դեպքերում է, որ դիմում են նորագույն տեխնոլոգիաների օգնությանը: Իսկ դասական տեխնոլոգիաները շատ ճիշտ են օգտագործվում:
Հանրապետական կուսակցությունը շեշտադրում է վերջին տարիներին գործող քաղաքապետի եւ նրա թիմի իրականացրած աշխատանքները՝ ասելով, որ դրանք շարունակական են լինելու: Այսինքն՝ նրանք ներկայանում են իրենց երկարաժամկետ ծրագրով, որի համաձայն դեռ շատ անելիքներ ունեն Երեւանում: Իսկ կատարած աշխատանքը մեծ առավելություն է Հանրապետական կուսակցության համար. քանի դեռ բոլորը խոստումներ են տալիս, Տարոն Մարգարյանն արդեն մի շարք ծրագրերով ու աշխատանքներով է ներկայանում, ինչն ավելի ծանրակշիռ է դարձնում նրա կերպարը:
Մյուս կողմից՝ նա հետաքրքիր դիրքորոշմամբ է հանդես գալիս՝ չի գովաբանում իր կատարածը, չի իդեալականացնում՝ ասելով, որ անելիքներ դեռ շատ ունեն եւ նոր ծրագրեր է նախանշում:

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, չի կարող իր կատարած աշխատանքով ներկայանալ: Փոխարենը փորձում է նորագույն փիար տեխնոլոգիաներով գրավել հանրության ուշադրությունը: Օրերս նա հայտարարեց սոցիալական աջակցության ծրագրի մասին, որով պատրասվում է հանդես գալ իր թիմը:

Ծրագրի էությունն այն է, որ ցանկացած ընտրող, ով կհրաժարվի ընտրակաշառքից, ավագանու ընտրություններում «Ելքի» հաղթանակի դեպքում որպես սոցիալական աջակցություն կստանա 15 հազար դրամ: Այս եղանակով քաղաքական այդ ուժը ելքեր է փնտրում ընտրակաշառքից ազատվելու համար՝ նաեւ փորձելով շահել հասարակության համակրանքը:

Նման տեխնոլոգիաների օգնությանն է դիմում նաեւ Զարուհի Փոստանջյանը՝ սպիտակ մեքենայից սպիտակ հագուստով մուտք գործելով հասարակության մեջ: Ընդ որում՝ «Երկիր ծիրանին» ամենից շատն է փորձում շեշտադրում անել անհատի վրա, կուսակցությունն ավելի շատ Զարուհի Փոստանջյանով է ընկալվում, եւ բոլոր տեխնոլոգիաները կիրառվում են նրա կերպարը ձեւավորելու, ներկայանալի դարձնելու ուղղությամբ:

Իսկ մյուս երկու քաղաքական ուժե՞րը, դրանք նույնպես անհատով չե՞ն ներկայանում՝ կարեւորելով եւ մարդկանց մատուցելով ոչ թե գաղափարներ ու ծրագրեր, այլ իրենց դեմքերին, առաջնորդներին:

-Այդ կուսակցությունները նույնպես հիմնվում են առաջնորդների կերպարների վրա, ինչ խոսք, բայց դրանցում ներգրավված են նաեւ այլ մարդիկ, ովքեր նույնպես հանրային դեմքեր են: Այդուհանդերձ մեզանում այլ կերպ հնարավոր չէ, քանի որ ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները՝ մեր հասարակությունը հավատում է ոչ թե ինֆորմացիային, այլ այդ ինֆորմացիան հաղորդողին: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւս մեկ անգամ փաստվեց դա:
Հանրապետական կուսակցության հաջողություններից մեկն այն էր, որ ՀՀԿ-ն իր թիմում ներգրավել էր հանրության կողից ընկալելի անհատների՝ հանձին վարչապետ Կարեն Կարապետյանի: Հիմա նույն սկզբունքը գործում է նաեւ ավագանու ընտրությունների դեպքում: Քաղաքական ուժերը քաջ գիտակցում են՝ կշահի այն ուժը, որի լիդերն ազդեցիկ կլինի:

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031