Մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը դադարեցնում է իր գործունեությունը։ Ճիշտ է՝ տեւական ժամանակ է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման մասին խոսակցություններ էին շրջանառվում, բայց դեռեւս ամիսներ առաջ ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել էր, որ Երեւանում գտնվող գրասենյակը լուրջ առաքելություն ունի, եւ այն փակելու մտադրություն չունեն։ Ի՞նչ փոխվեց ամիսների ընթացքում, եւ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Երեւանյան գրասենյակի փակումը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ։
– Մեծ բան տեղի չի ունեցել, պարզ էր, որ, ի վերջո, էդպես է լինելու, սա նորություն չէր, քանի տարի է, այս խոսակցությունը գնում է, ի՞նչ էինք սպասում։ Կարգ կա, վետոյի իրավունք ունի երկիրը (հեղ.- խոսքը Ադրբեջանի մասին է), հիմա եթե դեմ է, ինչ կարող ես անել, հո զոռով չես պահելու։ Այսինքն՝ կա խումբ երկրների, որոնցում որոշումը կայացվում է կոնսենսուսով, եթե կա երկիր, որի հետ դու պատերազմական վիճակում ես, եւ նա կոնսենսուսին չի միանում, ի՞նչ պետք է անես:
– Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս գրասենյակի փակումը կարող է որեւէ կերպ ազդել հակամարտության կարգավորման գործընթացի վրա։
– Ինչո՞վ կարող է ազդել, կա Մինսկի ֆորմատ, կան բանակցային գործընթացներ, կարո՞ղ է Չիլիում տեղի ունեցած որեւէ երկրաշարժ ազդել հակամարտության վրա, ինչ-որ բանով կարող է ազդել հավանաբար, չգիտեմ։ Մենք ունենք հարաբերություններ ԵԱՀԿ-ի հետ տարբեր ֆորմատներով, դա կարվի այդ գրասենյակի միջոցով, թե մեր ներկայացուցչության միջոցով ԵԱՀԿ-ում, կտեսնենք, այսինքն՝ մեր դիվանագետները կարող են տարբեր այլ ճանապարհներ գտնել, այն հարցերը, որ արվում էին գրասենյակի միջոցով, անել ուղղակիորեն։
– Ի վերջո, կարելի՞ է ենթադրել, որ Դուք կարծում եք՝ որեւէ լուրջ բան տեղի չի ունեցել։
– Այո՛, ես չեմ կարծում, որ ողբերգություն է տեղի ունեցել, մի գրասենյակ ավել, մի գրասենյակ պակաս։
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում